Հիշենք հայ ժողովրդի մեծն զավակին. փառք ու պատիվ:
1944 թ. դեկտեմբերի 14-ին օդային մարտում զոհվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Ծնվել է 1913 թվական մարտի 13-ին Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում: Ծնողների հետ տեղափոխվել է Երեւան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում: Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով եւ ավիամոդելավորմամբ: Հաղթել է Մոսկվայում, Կիեւում, Թբիլիսիում եւ Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում:
1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը: 1935 թվականին ավարտել է Բատեյսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչեւ 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու:1941 թվականի օգոստոսից Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում պաշտպանել է Լենինգրադը: Կազդուրվելուց եւ շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար: Լենինգրադի մատույցներում նա իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել եւ շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ եւ գնդացիր:1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղեւորվում է Լեպահայի նավահանգստի ռմբակոծմանը: Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից: Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է եւ նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը:Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել` Երեւանում, Ստեփանակերտում, Լեպահայում եւ հերոսի ծննդավայր Շուշիում, որը, ցավոք, ավերվել է ազերիների կողմից: Լեպահայի արձանը 1990-ականներին տեղափոխվել է Կալինինգրադ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=458374210888366&set=a.332605023465286.76655.328811793844609&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել