Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանում տեղի ունեցած մի շարք գողություններն իրականացվել են Վրաստանի քաղաքացիներից բաղկացած կազմակերպված խմբի կողմից։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի երեք անդամների (ազգությամբ վրացի, Վրաստանի քաղաքացիներ) կողմից, ըստ նախապես մշակված պլանի և դերաբաշխման, նոյեմբերի առաջին տասնօրյակում գողություն ու գողության փորձեր են իրականացվել Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Քննությամբ  բացահայտվել է նույն խմբի կողմից կատարված հափշտակության և հափշտակության փորձի 5 դրվագ, որոնցից 4-ը գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն, իսկ մեկը՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Ընդ որում, հանցավոր ոտնձգությունից տուժել են հիմնականում կանայք. գողություններն ու գողության փորձերը 4 դեպքում կատարվել են կանանց պատկանող բնակարաններից և ավտոմեքենայից։

Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում տեղի ունեցած նշված 5 դեպքերով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել 5 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)։

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու, խմբի հնարավոր այլ անդամների առկայությունը, նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հափշտակության կամ հափշտակության փորձերը պարզելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել