Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ «Արմնյուզի» և «Ա1+»-ի համատեղ նախագիծը՝ «Այո և Ոչ» ռեալիթի շոուն, այսօր մեկնարկել է. հյուսիս-հարավ ուղղություններով մեկնել են Հայաստանի քաղաքական ու հասարակական 8-ական գործիչներ։ Յուրաքանչյուր ուղղության 8 մասնակցից 4-ը կողմ են փոփոխություններին, 4-ը՝ դեմ։ Մինչև դեկտեմբերի 2-ը նրանք կլինեն Հայաստանի մարզերում և կներկայացնեն իրենց փաստարկները սպասվելիք փոփոխություններին «Այո» կամ «Ոչ» ասելու վերաբերյալ։

BlogNews-ի հետ զրույցում «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանն ասաց, որ սա հիանալի առիթ է, որպեսզի դեպի հեռուստատեսային դաշտ գրավեն այն մարդկանց, ովքեր բողոքում են եթերի սահմանափակ լինելուց։ «Գոնե մասնակիցների «կշռով» և քանակով պահել ենք հավասարակշռությունը»,- նշեց նա։
Նախագծի մտահղացման հեղինակ Կարեն Քոչարյանն էլ, անդրադառնալով քննարկումներին, որ նախագծի շրջանակներում «Այո»-ի և «Ոչ»-ի միջև արհեստածին հակամարտություն է դրվում, ասաց. «Եթե «Այո»-ի և Ոչ»-ի հակասությունն ի սկզբանե արհեստածին է, ուրեմն շոուի շրջանակներում էլ է արհեստածին, եթե՝ ոչ, ուրեմն շոուի շրջանակներում էլ չի կարող լինել արհեստածին։ Շոուի մասնակիցները գործիչներ են, ովքեր քարոզում են «Այո» կամ «Ոչ», և հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր գնալու են քվեարկելու՝ «Այո» կամ «Ոչ», ինչպե՞ս կարող է դա լինել արհեստածին»։
Կարեն Քոչարյանը շեշտեց, որ նախագծի մասնակիցները չեն ընտրվել, ինքը հրավիրել է բոլորին, որևէ մեկը չի կարող հերքել դա։ «Նախագծին մասնակցում են ոչ թե ընտրված մասնակիցները, այլ նրանք, ովքեր համաձայնել են։ Մնացածը հայկական մամուլի և հայկական մտքի արգասիքներ են։ Կարո՞ղ է ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Նոր Հայաստանը» եկել են, ուզել են մասնակցել, ես չեմ տարել, ասել եմ՝ մի մասնակցեք։ Ես անհատապես հանդիպել, զրուցել եմ բոլորի, լիդերների հետ և հրավիրել»,- ասաց Կարեն Քոչարյանը։

Նա չցանկացավ մեկնաբանել, թե ինչու են «Ոչ»-ի ճակատից շատերը հրաժարվել մասնակցել նախագծին. «Կոռեկտ չի լինի, եթե ես մեկնաբանեմ, թե նրանք ինչու չեն մասնակցում նախագծին։ Կան և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ։ Ուրիշ ժամանակ կասեն՝ մեզ եթեր չեն տալիս, զրկում են եթերից։ Չմասնակցելու «ատմասկեքը» շատ հեշտ կարելի է որոշել և ասել, ես մեր քաղաքական գործիչների երևակայության վրա մեկ վայրկյան չեմ կասկածում, բայց սիրում եմ փաստերով խոսել, իսկ փաստն այն է, որ ես բոլորին հրավիրել եմ, հաղորդումն էլ այսօր առավոտից ուղիղ եթերում է, ոչինչ չի կտրվում։ Թող ինձ հետ խոսեն փաստերով, մնացածը հեքիաթներ են»։
Խոսելով վստահության պակասի մասին՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ նախագիծը հեռարձակվում է ուղիղ եթերով, «Ա1+»-ի և «Ucom»-ի ցանցում «Արմնյուզի» եթերում ընդհատումներ չեն լինում, ինչի՞ հանդեպ մարդիկ պետք է թերահավատ լինեն. «Որևէ մեկը չի կարող ասել, որ ինչ-որ բան կտրել են, քանի որ ուղիղ եթեր է, մի շարք կայքեր դա տեղադրել են իրենց մոտ։ «Արմնյուզի» սովորական եթերում ընդհատումներ լինում են, երբ կա գովազդատուի նկատմամբ պարտավորություն։ Չեն կարող ասել՝ այդ պահին «Ոչ»-ն էր խոսում, ընդհատեցին, նույն կերպ այդ պահին կարող էր «Այո»-ն խոսել»։

Հրաչ Քեշիշյանն էլ նշեց, որ չեն կարող հեռուստահաղորդումները բացարձակ եթեր չհեռարձակել, սակայն փոխել են հեռուստացանցը և փորձել հնարավորինս շատ միանալ ուղիղ եթերին։ «Շատ բարդ իրագործելի նախագիծ է։ Այսօր է մեկնարկել, և արդեն հասկացանք, որ այն տեղերում, որտեղ «Արմնյուզը» հասանելի է, բոլորը դիտում են միայն «Արմնյուզ»։ Մարդկանց հետաքրքիր է շոուն, հատկապես՝ մարզերի բնակիչներին։ Նրանք ոչ միշտ են առիթ ունենում այդքան քաղաքական գործչի միասին տեսնելու»,- նշեց հեռուստաընկերության տնօրենը։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



