Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ին, Երևանի կենդանաբանական այգում կանցկացվի «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական մրցույթ-միջոցառումը: Մրցույթին մասնակցելու են 10-15 տարեկան աշակերտները, ովքեր պետք է դդմից և այլ մրգերից և բանջարեղենից հետաքրքիր ձևավորմամբ ուտեստ պատրաստեն կենդանիների համար: Միջոցառումը կազմակերպվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում:

BlogNews.am-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ դդմատոնին նախապես գրանցված մասնակիցների թիվը հասնում է շուրջ երկու հարյուրի. «Նրանցից բացի, որպես կանոն, ուրախ եռուզեռին են միանում նաև առանձին անհատներ: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մասնակիցների թիվն աճում է: Այս տարի մրցույթին կմասնակցեն 30-ից ավելի դպրոցներ ներկայացնող շուրջ 300 աշակերտներ, ուստի այն, որ արդեն ավանդական դարձած տոնը ճանաչելի ու սիրված է փոքրիկների համար, ակնհայտ է»:

Պարոն Խաչատրյանը նաև հավելեց, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ հիմնական կանոնակարգին ավելացրել են ևս մի նախապայման. «Այս տարի բոլոր մասնակիցները Կենդանաբանական այգի են գալու տարբեր կենդանիներ պատկերող հանդերձանքով, և միջոցառման վերջում ներկաներին կենդանիների դիմակահանդես-շքերթ է սպասվում: Կենդանաբանական այգում անցկացվող բոլոր միջոցառումները կրթաճանաչողական բաղադրիչ ունեն, բնապահպանության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման առաքելություն ունի նաև «Արևորդի» փառատոնը: Ուստի զարմանալի չէ, որ արդեն 3-րդ անգամ Կենդանաբանական այգին դառնում է փառատոնի բաղադրիչներից մեկը»:

Կազմակերպիչները մի շատ կարևոր սկզբունք են որդեգրել. դպրոցահասակ երեխաների համար նախատեսված այս միջոցառման հիմնական նպատակն իրենց շրջապատող միջավայրի` բնության ու նրա տարբեր ներկայացուցիչների մասին ունեցած գիտելիքները համալրելն ու ամրապնդելն է։ «Մենք միջոցառումը կառուցում ենք այնպես, որ մասնակիցները գործի դնեն և՛ գլուխը, և՛ սիրտը, և՛ ձեռքերը. այսինքն՝ ստանան գիտելիք, կիրառեն այն, որ հատկապես կարևոր է երեխաների համար` հնարավորություն ունենան անկաշկանդ զգալու և իրենց ապրումներն արտահայտելու»,- եզրափակեց Ռուբեն Խաչատրյանը:
Թե ինչ մրցանակներ կստանան երեխաները, և ինչպես կանցնի միջոցառումը՝ կներկայացնենք վաղը:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի



