Դեպք հիշեցի:
Ծառայում էի, տղերքի հետ նստած էինք զորամասի ակումբում, որտեղ հին սովետական դաշնամուր կար՝ լարից ընկած ու վիրավոր: Փորձեցի նվագել, անիմաստ էր: Մի զինվոր մոտեցավ, երկար մտածեց ու մեկ էլ ինչքան ուժ ուներ բռնցքով հարվածեց ստեղներին, դաշնամուրը սարսափած գոռաց ու մի տեսակ անբնական ճռռոց արձակեց: Մինչեւ հիմա ձենը ականջներումս ա, անսպասելի էր ու դաժան, ոնց-որ վիրավոր մարդուն խբես: Վերջերս նորից հիշեցի այդ զգացմունքը, երբ երկու երիտասարդ տանջում էին Կարապի լճի մոտ դրված դաշնամուրներից մեկը:
Մարդկությունը երաժշտական գործիքների նկատմամբ միշտ հատուկ վերաբերմունք է ունեցել: Երեւի պատճառներից մեկը նա է, որ երաժշտությունը իր ծագման օրվանից սերտորեն կապված է եղել կրոնի բոլոր տեսակների հետ, եւ նվագարանները ծիսակատարությունների կարեւորագույն գործիքներից էին: Նվագարանները միշտ թանկ են եղել, քանի որ դրանց պատրաստումը պահանջել է վարպետություն, իսկ նոր ժամանակներում տեխնիկապես անհամեմատ բարդ կառուցվածքի պատճառով միայն շատ հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ գործիք ձեռք բերել: Սովետի ժամանակ պարադոկսալ երեույթ տեղի ունեցավ. մի կողմից, պետության հատուկ քաղաքականության շնորհիվ երաժշտական գործիքների արտադրությունը, հատկապես դաշնամուրների, դառավ արդյունաբերական եւ մասայական՝ նպատակ ունենալով աշխատավոր ժողովրդի լայն զանգվածներին հաղորդակից դարձնել երաժշտությանը: Անշուշտ, որակի հաշվին, բայց ամեն դեպքում, տանը դաշնամուր ունենալը հասարակական դիրքի, կայացած լինելու նշան էր: Մյուս կողմից, շատ տներում ոչ ոք երբեւէ չէր մոտենում դաշնամուրին, որը ընդամենը կահույք էր, ինչպես կողքի ռումինական «ստենկան», եւ հաղճապակե սպասքի ու չկարդացվող գրքերի պարտադիր ցանկի հետ մեկտեղ վկայում էր ընտանիքի «ինտելլիգենտության» մասին:
Ծնողներս պատմում էին, որ հետպատերազմյան տարիներին դեռ այդպես չէր, անհասանելի երազանք էր դաշնամուրը, ու եթե բախտները բերեր, հարուստ մի բարեկամ կամ հարեւան ունենային, փորձում էին մի քանի րոպեով դաշնամուրի հետ սենյակում մենակ հայտնվել, որ մի պարզունակ մեղեդի նվագեին:
Մեր սերնդի համար դաշնամուրի առկայությունը արդեն սովորական բան էր, ուզում ես՝ նվագի, չես ուզում՝ կարող ա եւ ստիպեն նվագես: Ստիպում էին հենց այն պատճառով, որ իրենք ժամանակին այդ հնարավորությունը չեն ունեցել:
Հիշում եմ, 90-ականներին Ֆրանսիայից ուսանողների խումբ էր եկել, ֆրանսիացիները ապշած էին. «ինչքան հարուստ եք, բոլորդ դաշնամուր ունեք»:
Համաշխարհային մշակույթում նվագարանների պաշտամունքը այնքան ուժեղ է մինչեւ հիմա, որ գործիքները վնասելը (եթե խուժանի վանդալիզմ չէ) յուրահատուկ բողոքի ակտ է, ուժեղ եւ տպավորիչ, օրինակ, երբ «The Who» ռոք-խումբը ելույթի ժամանակ բեմի վրա կոտրում էր կիթառները, դա նոր սերնդի ժխտողականության, բողոքի, աշխարհը քանդելու խորհրդանիշ էր: Կամ Jimi Hendrix-ի կիթառ վառելը, որը ոչ թե խուլիգանություն էր շոուն հետաքրքրացնելու համար, այլ զոհաբերություն:
Կերպարվեստում, գրականությունում կոտրված նվագարանները ժամանկների վերջի, անկման, պատերազմի ծեծված խորհրդանիշ են, ես կասեի նույնիսկ ծեծված: Վանդալը պարտադիր պետք է երաժշտական գործիքը փչացնի, քանի որ երկար-բարակ ուսումնասիրելուց հետո այդպես էլ չի կարողանա գտնել որեւէ այլ կիրառում, ինչպես կպչացնի նաեւ որեւէ մեքենա, ժամացույց կամ մարդու մտքի ստեղծած ուրիշ պտուղ:
Մեր օրերում սովետից ժառանգված դաշնամուրները դառան անպետք: Վաղուց արդեն դրանք հասարակական դիրքի վկայություն չեն, միայն տեղ են զբաղեցնում, դաշնամուրներից ազատվում են վաճառելով, նվիրելով, ամառանոցներ եւ նկուղներ կամ նույնիսկ աղբանոցներ տեղափոխելով: Մեկի տանը տեսել եմ հոշոտված դաշնամուր, որը այժմ խմիչքների պահարան է ծառայում:
Ինչու՞ հիշեցի էս ամենը ու էսքան երկար-բարակ գրեցի:
Կարապի լճի մոտ քաղաքապետարանը մի քանի դաշնամուր է շարել լճի պարագծով, իբր ժողովուրդին երաժշտությանը մոտեցնելու նպատակով: Նման բաներ շատ են անում, ասենք, Վիեննայում կամ ուրիշ եւրոպական քաղաքներում, բայց չեմ կարծում, որ որեւէ տեղ թանկարժեք գործիքները թողնեն անտեր, անձրեւի, ձյան, արեւի ճառագայթների տակ, ցրտին: Մեր դաշնամուրների գինը, ցավոք, որոշվում է նրանց շուկայական արժեքին համապատասխան, ու քանի որ կարելի է 10000 դրամով կամ նույնիսկ ձրի ճարել, ուրեմն ափսոսելու բան էլ չկա, թող անցնողը զբաղվի, ի՞նչ ա էղել որ: Գնացեք նայեք. ստեղները ծռմռված, փղոսկրե մաշկը պոկված, մարմինները ճաքած եւ քայքայված, տխուր տեսարան:
Պաշտամունքը վերջացավ, հեքիաթն էլ հետը, մնաց էժան կահույք, ժամանակավոր զվարճալիք, մարգարիտ ա, որ կոխում-անցնում ենք:
photo dabavog (C) Yerevan, 2012