«Այո և ոչ»-ի մեկնարկային թողարկումից պարզ երևում է, որ ժողովրդի հետ նույն լեզվով խոսել չեն կարողանում ո՛չ բարեփոխումների կողմնակիցները, ո՛չ էլ ընդդիմախոսները։ Բավականին զավեշտալի է հետևել, թե ինչպես են, ասենք, Մելքումյանը կամ էլ ընդդիմախոսներից այն իրավաբան կինը երկար-բարակ բաացատրում-բացատրում-բացատրում, ինչ-որ քաղաքագիտական տերմիններով ու մասնագիտական-գրական լեզվով բաներ են բացատրում շրջանի բնակիչներին, մեկ էլ ինչ-որ պապիկի դեմքի ես նայում ու հասկանում ես, որ էս մարդը չի հասկանում համարյա ոչ մի բան ասվածից։

Ժողովուրդ, դուք այնտեղ եք գնացել, որպեսզի ոչ թե փայլեք ձեր պոռոտախոսությամբ ու տերմինաբանությամբ, այլ որպեսզի մարդկանց վերջապես բացատրեք, թե ինչու է պետք այս կամ այն կերպ քվեարկել հանրաքվեին, իսկ եթե դուք անգամ չեք կարողանում ժողովրդին հասկանալի լեզվով խոսել, ապա ինչպե՞ս եք պատրաստվում գրավեք մարդկանց ձեր կողմը, կամ էլ գոնե նրանց հասցնեք, թե, այնուամենայնիվ, ինչու իրենց համար մեկ չպետք է լինի հանրաքվեին մասնակցել-չմասնակցելու հարցը։

Դրա համար պետք է մի կողմ դնել քաղաքական դեմագոգիան ու փիառվելու փորձերը, այլ զբաղվել գործով, լինել անկեղծ, ժողովուրդը դա զգում ու գնահատում է։ Եղեք ավելի պարզ, ավելի հասկանալի ու ավելի ազնիվ մարդկանց հետ։ Իմ կարծիքով, ով հաջողեց այս հարցում՝ նա էլ կկարողանա օգտվել դրանից ոչ միայն հանրաքվեի ժամանակ, այլև դրան հետևող քաղաքական պրոցեսներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել