Ավթանդիլ. Վրացական նորաձևության դեսպանը

Newmag.am-ը գրում է.

newmag-ի համար Արմեն Գալյանը զրուցել է վրացի ամենահայտնի դիզայներ Ավթանդիլի հետ: Նրա հեղինակային զգեստների խանութը վերջերս բացվել է Երևանի կենտրոնում:

– Վրացական նորաձևության բումը հասավ Երևան։ Հաճելի է տեսնել Ձեր հագուստը նաև Երևանում։

– Շնորհակալ եմ։ Իմ հագուստը վաճառվում է Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում… «Avtandil»-ի տարբեր հոսքագծեր կարելի է գտնել ամենահայտնի մուլտիբրենդային խանութներում։ Շատ հաճելի է Giambattista Valli-ի կամ Haider Ackermann-ի հագուստների կողքին տեսնել իմ ստեղծած հագուստը։

– Մի քանի օր առաջ Երևանում շփվում էի Ձեր մտերիմ Լալիի հետ: Նա պատմեց, թե ինչպես եք Դուք աշխատում հաճախորդների հետ։ Պարզվում է, որ Դուք անձամբ շփվում եք Ձեր խանութ զգեստ գնելու եկած հաճախորդների հետ, խորհուրդներ եք տալիս նրանց։ Օրինակ` «Եթե այս զգեստը ուզում եք հագնել բարձրակրունկ կոշիկների հետ, ապա ավելի լավ է՝ մի´ գնեք. այն «բոթասների» հետ կրելու համար է»։

– Ես շատ եմ սիրում, որ իրերը «ճիշտ» են կրում, կրում են այնպես, ինչպես մտածել է դիզայները։ Իհարկե, գնորդը կարող է հագուստը համադրել, ինչպես ցանկանում է, բայց եթե հաշվի առնի իմ կարծիքը, ես երջանիկ կլինեմ։ Երեկ ես հիացմունքով հետևում էի, թե որքան լավ էին հագնված երևանցները։

– Եկեք զրուցենք վրացական նորաձևության ֆենոմենի մասին։ Ի՞նչը ապահովեց այն բումը, որը մենք կարող ենք տեսնել այսօր։

– Վրացական նորաձևության զարգացմանը շատ են նպաստել նորաձևության շաբաթների կազմակերպիչները։ Սկզբում դա «Georgian Fashion Week»-ն էր, իսկ հիմա՝ «Tbilisi Fashion Week»-ը և «Mercedes Benz Fashion Week Tbilisi»-ն, որը շատ գրագետ է կազմակերպված։ Կարևոր է, որ կազմակերպիչները շատ լավ են աշխատում միջազգային բայերների և մամուլի հետ։ Ես նույնպես շատ բան եմ արել վերջին քսան տարիների ընթացքում՝ վրացական նորաձևությունը Վրաստանի սահմաններից դուրս բերելու համար. մասնակցել եմ տարբեր երկրներում նորաձևության շաբաթների և ցուցահանդեսների։

newmag_print64666

– Ինձ շատ է դուր գալիս այն, թե Լադոն ինչ է անում «Atelier Kilala»-ի համար։ Խնդրում եմ, առանձնացրե՛ք մի քանի անուն, որոնց հավաքածուներին այժմ արժի հետևել։

– Ես շատ եմ սիրում Թամունա Ինգորակվային. նա շատ գրագետ դիզայներ է։ Լադոն շատ է սիրում բարդ ձևվածքը: Նրա ստեղծած հագուստն ուզում են կրել, չնայած այն շատ մոտ է ավանգարդին։ Կարծում եմ՝ այդտեղ է նրա հաջողության գաղտնիքը։ Շատ տաղանդավոր Քեթի Չխիկվաձեի հետ մենք արդեն մի քանի տարի մասնակցում ենք փարիզյան ցուցահանդեսներին։ Կա շատ հետաքրքիր դիզայներ՝ Ակա Նանիտաշվիլին. նա շատ հետաքրքիր է աշխատում պրինտների հետ։ Շատ են նաև նոր անունները։ Շատ տաղանդավոր է Դաթունա Սուլիկաշվիլին։ Ի դեպ, վրացի դիզայներների հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ մենք ընկերություն ենք անում միմյանց հետ…

– Դուք սկսում եք պատասխանել իմ հաջորդ հարցին։

-… Ու դա իսկապես շատ ազնիվ է։ Դուք երևի գիտեք «Lalo» կարդիգանները, որոնք շատ հայտնի են դարձել վերջին սեզոններին։ Օրինակ՝ իմ կինը հաճույքով կրում է դրանք։ Իմ հագուստը կրում են Վրաստանի շատ դիզայներներ։ Մենք սովոր ենք իրար օգնել նույնիսկ ցուցադրությունների ժամանակ։ Ես և Դաթունան մասնակցում էինք «Kazakhstan Fashion Week»-ին։ Առաջին օրը՝ նրա ցուցադրության ժամանակ, ես էի օգնում backstage-ում, հաջորդ օրը նա էր եկել և օգնում իմ ցուցադրության ետնաբեմում։ Մենք շատ լավ ենք հասկանում, որ այդպիսով առաջադիմում է մեր երկիրը։



– Վրացական նորաձևությունը ունի Դավիթ Կոմա: Նա շատ մեծ հաջողության հասավ սեփական բրենդով, իսկ այն նաև գլխավորում է Thierry Mugler-ը։ Հնարավո՞ր է արդյոք մեր երկրներից անցնել նորաձևության վերին լիգա։

– Իհարկե, հնարավոր է, եթե գիտես, թե որ ուղղությամբ ես շարժվում, և եթե անհրաժեշտ ջանքեր ես գործադրում դրա համար։ Ինձ շատ է դուր գալիս, թե Դավիթ Կոման ինչ է անում սեփական բրենդի համար։ Նա և՛ բարդ, և՛ այդ բարդության մեջ հոյակապ ձևարար է։ Չկար ուրիշ տարբերակ, նրան չէին կարող չնկատել, նա տարբերվում էր բոլորից («David Koma» հաճույքով կրում են, օրինակ՝ Beyonce-ն և Lady Gaga-ն)։ Մենք ունենք նաև Tata-Naka, որոնք սկսել են աշխատել Լոնդոնում և մեծ հաջողությունների են հասել։

– Ինչպե՞ս է կազմակերպված վրացական նորաձևությունը։ Մեր դիզայներների մեծ մասը գումար է աշխատում` պատվերներ կատարելով, ոչ թե պատրաստի հավաքածուներ վաճառելով։

– Մենք այդ ժամանակն անցել ենք, մենք նույնպես այդպես ենք սկսել։ Անցում կատարելը հեշտ չէ. սեփական ապրանքանիշը կայացնելու համար պետք է բավականաչափ գումար վաստակել։ Պետք է կարողանալ հաճախորդներին համոզել, որ գնեն այն, ինչ դու ես առաջարկում, այլ ոչ թե այն, ինչ իրենք են ուզում։ Ես այդ փուլն անցա 7-8 տարում։ Ես ցուցադրությունից հետո վաճառում էի հավաքածուն, աշխատում էի ընթացիկ սեզոնի վրա. դա նույնպես անթույլատրելի է։ Արդեն մի քանի տարի չենք վաճառում այն, ինչ պատրաստում ենք ցուցադրության համար։ Դա մնում է զգեստապահոցում կամ օգտագործվում է նկարահանումների համար։ Վաճառքի համար կարվում են նույն մոդելների կրկնօրինակները. ամբողջ աշխարհում է այսպես։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել