Lurer.com–ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի համատեքստում որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, որոնցում նշվում էր ԼՂ հարակից շրջանները իբրև թե Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին` Զախարովան կոչ է արել չսրել իրավիճակը և հետևել սկզնաղբյուրներին: «Ես չեմ կարող ոչինչ ավելացնել այն ամենին, ինչի մասին մանրամասն խոսել է Սերգեյ Լավրովը Երևանում կայացած բաց մամուլի ասուլիսի ընթացքում: Նա ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է խնդրին՝ այդ թվում նաև բանակցային գործընթացին, այն հարցերին, որոնք քննարկվել են: Կարծում եմ, որ պետք չէ սրել իրավիճակը: Հարկավոր է հետևել սկզբնաղբյուրներում ռուս նախարարի խոսքերին: Այդ ամենը հրապարակված է նախարարության կայքում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պահպանում է սերտ կապը հայ գործընկերների, իսկ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ նաև ադրբեջանցի գործընկերների հետ: «Մենք չենք անում քայլեր, որոնք կարող են վնասել երկու կողմերին: Մեր նպատակը բազմաթիվ անգամներ հաստատվել է, այն հրապարակային է, այն հիմնված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր մոտեցումների վրա: Իսկ այդ մոտեցումներն անփոփոխ են, և ես կարող եմ միայն հաստատել մեր մոտեցումներն այս հարցում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:



