Քանի Դուք շոու եք անում, Ձեզ հենց այդպես էլ կանվանեն: Ու քանի դեռ Դուք ունեք Ձեր հանդիսատեսը, Ձեր գործը հավերժ է:
Դուք հասել եք Ձեր երազած վիճակին: Ձեր վրա հոտած ձվեր կամ լոլիկներ նետողներ այլևս չկան: Մնացել եք Դուք ու Ձեր սցենարով ընթացող էլ կլասիկոն:
Ֆուտբոլային հանդիպումը որքան էլ դիտարժան լինի, միևնույն է՝ կարևորն արդյունքն է: Երբ վստահ ես վերջնական արդյունքի վրա, հաճախ կապիկությունը դիտելու կամ առավել ևս մասնակիցը դառնալու ցանկությունն իսպառ վերանում է:
Ինձ չի հետաքրքրում խաղի դիտարժանությունը, քանի որ վստահ եմ, որ մրցավարը մոտ 1000000 11 մետրանոց է նշանակելու Ձեր երկրորդ թիմի դարպասին, որոնց մեծ մասն ավարտվելու են դարպասի գրավմամբ: Խաղից հետո էլ մաքսիմում լինելու է մի բողոք, Ձեր թիմի վերահսկողության ներքո գտնվող մրցավարների կոմիտե, ու վերջ: Իսկ խաղին ակտիվ կամ պասիվ մասնակիցների 99%-ն ընդամենը սահմանափակվելու է «այ մարդ, մարզադաշտը մարզադաշտ չի» կամ «խաղը ծախված է» հռետորական բացականչությամբ` առանց հիշելու անգամ, որ էդ խաղը հենց իրենք են ծախել:
Ես չեմ կարծում, որ այսօր որևէ մեկը կարող է ինձ վստահեցնել, որ այս անգամ հերթական ֆարսի սցենարն այլ կերպ է ընթանալու:
Ինչևէ, համակերպվողներ, դուք ունեք այն, ինչին արժանի եք...
Վեց տարի ես սպասում եմ ապահով Հայաստանին: Ես տեսողությունից թույլ եմ: Գուցե ապահով Հայաստանը եկել է, ես չեմ տեսել:
Իմիջիայլոց, հանճարեղ սահմանադրագետներ, երբեք մի՛ թերագնահատեք մարդկանց ու մի՛ մտածեք, որ նրանք ձեզնից քիչ են կարդում ու հասկանում:
Ես չեմ խոսում նորի և հնի մասին: Ի վերջո, ասել եմ, որ, եթե անգամ Աստվածաշունչը լինի մեր սահմանադրությունը այս իշխանության և նրա արբանյակների գոյության պայմաններում, մենք շարունակելու ենք հավերժ անկումը:
Երևի պետք չի հիշեցնել չկատարված խոստումների և փաստացի, մասսայական սուտ խոստումների մասին... Չէ, մեկը հիշեցնեմ: Հոսանքի գինն ի վերջո թանկացավ (իսկ ազգաբնակչության չնչին մասին տրվող փոխհատուցումը հենց կազմում է շոուի բաղկացուցիչ մասը), իսկ հրապարակային խոստման ժամանակ այս ամենի մասին լռում էին:
Սա միայն իմ երկիրը չի, սա բոլոր նրանց երկիրն է, ովքեր Հայաստանը համարում են իրենցը: Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչպես կքվեարկի, ինձ հետաքրքրում է ընդամենը մի բան. hերթական կեղծումից հետո նորից նո՞ւյն կերպ եք վարվելու. սահմանադրական դատարան, փողոցային շոու, մեկ քայլ առաջ, խուճապ-մուճապ, սրա մասին հաջորդ դասին, կեցցե թագավոր ապրած կենան, գնանք ԱԺ` ջուր ծեծելու... թե՞ նորամուծություններ էլ են լինելու։