Ինչպես հասկացա, Այո-ի և Ոչ-ի վերաբերյալ շուտով նոր հաղորդում ա եթեր հեռարձակվելու, որն ավելի շատ ռեալիթի շոուի ֆորմատ ա ունենալու: Ինչպես և սպասվում էր, հին հայ 2000, իսկ որոշ դեպքերում նաև 3000-ամյա խասյաթի համաձայն՝ սկսվել են դեռ չսկսված հաողորդումը գովերգող, այնպես էլ վատաբանող ու հեգնող ռեյդերը: Պարզաբանենք, թե ինչումն է բանը։
1. Հայաստանում առհասարակ նոր բան անելու համար, ընդ որում՝ կապ չունի՝ ինչ ասպարեզում, հսկայական խիզախություն ու մեծ կամք է պետք, իսկ մանավանդ քաղաքական միջոցառման համար՝ նաև գերֆանտաստիկ նյարդային համակարգ՝ դիմագրվելու քննադատություններին, ես կասեի՝ բայղուշություններին ինչ-որ տեղ: Հետևաբար ծրագրի հեղինակներն իմ համոզմամբ հաշիվ են առել հայու տեսակի կրկնվող այս սիմպտոմը:
2. Հաղորդման մասնակիցներին քննադատողները հիմնականում որպես արգումենտ բերում են հաղորդման շոու լինելը: Հարգարժաններին հուշենք, որ եթե դեռ չեն համոզվել, որ հայաստանյան քաղաքական կյանքը ոտից գլուխ շոու է, ապա նույնիսկ զարգացած հասարակություններում շոուն սոցիալական, կենցաղային, քաղաքական, մարզական կյանքի անբաժան մասն է: Մի հատ տեսեք՝ ինչպիսի պայմաններում է անցնում ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրարշավը, ինչպիսի կրեատիվ ու վիրտուոզ հնարքներ են կիրառում թեկնածուներն իրենց քարոզարշավում, և կհասկանաք, որ ինչպես ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արտառոց ոչինչ տեղի չի ունցել, պարզապես Հայաստանում նախադեպը չունեցող շոու է տեղծվել: Ոչ-ի ճակատի առանց այդ էլ սուղ ռեսուրսների պայմաններում նման հնարավորությունը չարժե ձեռքից բաց թողնել, Այո-ն դրա կարիքը չունի, թեպետ որոշ իշխանական գործիչներ հնարավորություն կունենան իրենց վարկաբեկված համբավը քիչ թե շատ վերականգնել շուի միջոցով:
3. Մասնակիցների ընտրության հարցում, այնուամենայնիվ, հսկայական դիսբալանսավորում կա՝ հիմնականում նույնպես խնդիրը Ոչ-ի ճամբարում է: Ռադիկալ՝ փողոցային պայքարի կողմնակիցները, ոնց հասկացա, հրաժարվել են մասնակցել հաղորդմանը, նրանք, ովքեր դեմ են սահմանադրական բարեփոխումներին, սակայն փողոցում չեն լինելու, համաձայնել են մասնակցել, և արդեն իսկ պարզ է, որ անկախ հաղորդման պրոդուկտիվությունից ռադիկալ Ոչ-ականներն ասելու են, որ շոուի ընթացքում Ոչ-ի դիրքավորումն իրենց հետ որևէ կապ չունի, դա իրենց պաշտոնական տեսակետը չէ, Բ-26, Շ-22, Կ-69 և այլնի պատվերներն են կատարում: Սակայն Հրանտ Բագրատյանին ու Վաղինակ Շուշանյանին, ինչքան էլ տարօրինակ կլինի տեսնել նույն ֆորմատում, ասենք, իրար հետ նստել-վեր կենալով, մյուս կողմից անձամբ Վաղինակի համար սա հրաշալի հնարավորություն է թրծվել, փորձ հավաքելու համար: Եվ ոչ միայն նրա, այլ նաև բոլոր սկսնակ մյուս քաղաքական գործիչների համար անցած էպոխայի գործիչների հետ շփումը կանդրադառնա միայն դրական առումով:
4. Մարդկանց հետ շփումների արդյունավետությունից, կրեատիվից ելնելով՝ Ոչ-ն Այո-ին գոնե շոու-ի ընթացքում հաղթելու լիքը հնարավորություններ ունի: Իմիջիայլոց, կրեատիվի պակաս գոնե չի եղել հասարակական-քաղաքական դաշտում, ճիշտ է՝ հիմնականում գերիշխել է սարկազմը, սակայն խելացի աշխատանքի արդյունքում բանից բեխաբար գյուղացու մոտ մեսիայի տեսքով հայտնվելը, կով կթելը, օղի խմելը, իսկ երկու բաժակից հետո գյուղացու օգնությամբ իշխանության կործանարար վարքագիծը հիշելը կարող է դիտողի մոտ Ոչ-ի նկատմամբ էսպես ասած համակրանք առաջացնել: Բնականաբար, ամեն ինչ չափի մեջ ու առանց անձնավորված շումախերական վրաերթերի:
5. Եվ վերջապես ժամանակն է, որ մեր հասարակությունն ավելի թեթեև ապրի, սոցիալ-տնտեսական արդեն չափից շատ ձգվող դեպրեսիան հաղթահարելու համար պետք է բռնել ոչ թե գլխից, այլ ոտքից: Մանր քայլերով, դոզայի չափաբաժնի համապատասխան սրսկումով միայն կարելի է ինչ-որ բան փոխել էս երկրում, գեյ-պառադ անելով՝ սեքսուալ հեղափոխություն չես անի Հայաստանում, մի քաղաքապետի նորմալ ընտրությամբ հսկայական անդունդը հնարավոր չէ վերացնել իշխանության ու հասարակության միջև, և ի վերջո դասականի ասած՝ չափներդ կորցնելով՝ անչափ չեք դառնա: Դեռ չգիտեմ՝ հաղորդումը որքանով կկարողանա մեկը ինձ՝ քմահաճ ու կասկածամիտ հեռուստադիտողիս, սպասելիքն արդարացնել, սակայն ես չեմ կարող հաջողություն չմաղթել ծրագրի հեղինակին և մասնակիցներին: Տեսնենք՝ ինչ կստացվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/827714027339630
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել