Ամերիկյան «Parts Unknown» հաղորդման շրջանակներում թուրքական ինքնության և Թուրքիայի հայերի մասին հնչած տեսակետներն ակտիվ քննարկումների առիթ են դարձել Թուրքիայում: Հաղորդման հեղինակ, հայտնի ամերիկացի խոհարար Էնթոնի Բուրդենը եթերում հյուրընկալել է թուրք դերասանուհի Սերրա Յըլմազին: Եթերի ընթացքում դերասանուհին ասել է. «Այո, ես թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ»: Այս արտահայտությունը թուրքերի կողմից բուռն արձագանքի և քննադատությունների առիթ է հանդիսացել:
Իսկ թուրքական «Hurriyet» պարբերականի սյունակագիր Ջենգիզ Սեմերջիօղլուն նոյեմբերի 11-ի իր հոդվածում ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Սեմերջիօղլուն ընդգծել է, որ «CNN International»-ի նշված հաղորդման մեջ մեկ այլ, շատ ավելի կարևոր կարծիք է հնչել և հարկ է, որպեսզի այն ավելի մեծ ուշադրության արժանանա: Խոսքն այն մասին է, որ «Parts Unknown»-ի շրջանակներում Բուրդենը մի ստամբուլաբնակ հայ արհեստավորի հարցրել է, թե ինչպես է նա պատկերացնում հայերի ապագան Թուրքիայում: Այս հարցին Թուրքիայի հայ քաղաքացին պատասխանել է. «Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, շուտով Թուրքիայում ոչ մի հայ երիտասարդ չի մնա, բոլորը կթողնեն այս երկիրը, կհեռանան»: