Tert.am-ը գրում է.
Եթերային հեռարձակման թվային համակարգի մեխն այն է, որ առաջին անգամ հեռուստատեսությունը հնարավորություն է ունենում դառնալ տեղեկատվական ինտերակտիվ միջոց, ինչը նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէր կազմակերպել անալոգային համակարգի պայմաններում:
«Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ անալոգայինից թվային համակարգին անցումն իր տեխնիկական մասով ավարտվել է այս տարվա հունիսին:
Գրիգոր Ամալյանը քննարկման ընթացքում թվարկեց նաև թվային հեռարձակման երեք շահեկան կողմերը՝ հեռուստաազդանշանի, պատկերի և ձայնի նոր որակական հարթություն:
«Մեր մոտեցումն էր՝ ստեղծել աշխատանքների մեկնարկի օրվան համապատասխան տեխնիկական ամենաառաջատար ձևաչափի համակարգ՝ առավել թողունակությամբ և տեխնիկական ճկունությամբ»,-ասաց Գրիգոր Ամալյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջանը այս տարվա հուլիսի 1-ից տեղափոխվել է 2016թ հունվարի 1-ը:



