ՃՈ կողմից նախաձեռնած թաղանթապատման արգելանքի գործընթացը, եթե իրականում միտված է պատահարների նվազեցմանը, այլ ոչ թե մի քանի օր առաջ իմ գրառման մեջ շեշտված երևույթն է պատճառը, ապա այդ դեպքում ոչ պակաս պատահարների դրդապատճառ է հանդիսանում նաև անորակ և էժանագին՝ իբր թե «քսենոն» լուսարձակները: Ցանկացած վարորդ համակարծիք կլինի ինձ հետ, եթե ասեմ, որ երեկոյան ժամերին նման լուսարձակներով ավտոմեքենայի հանդիպակաց գոտում հանդիպելն ուղղակի կերպով մի քանի վայրկյան մեզ դարձնում է Սթիվի Ուանդերի կարգավիճակի մարդ, այսինքն՝ ոչինչ չենք տեսնում, և բնավ կապ չունի, թե տվյալ ավտոմեքենան երթևեկում է հեռահար լուսարձակման ռեժիմով, թե մոտակա՝ «դալնի, բլիժնի»: Ես ինքս բազմաթիվ անգամ պատահարի «հերոս» չեմ դարձել միայն այն պատճառով, որ բավականին ժամանակ է, ինչ մեքենա եմ վարում և ունեմ քիչ թե շատ փորձ, բայց համաձայնեք, որ անփորձ վարորդները մեր իրականության մեջ գերակշիռ մաս են կազմում: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ այն վարորդներին, ովքեր ինքնակամ իրենց ավտոմեքենայի գործարանային արտադրության լուսարձակները փոխարինում են ինչ-որ անհայտ ծագման լուսարձակներով: Մի անգամ նման ավտոմեքենա հանդիպեց, և որոշեցի փորձել՝ արդյո՞ք այդ լուսարձակիչներն ապահովում են համապատասխան տեսանելություն. ժողովուրդ, չեք հավատա, բայց ես 1 մետրից ավել բան չէի տեսնում լուսարձակները միացնելուց հետո: Հարց է առաջանում. իմաստը ո՞րն է՝ սեփական անվտանգությունը ռիսկի տակ դնելով նման քայլի գնալ, մենակ չասեք, թե այդպես ավտոմեքենան ավելի սիրուն է նայվում: Մի խոսքով, երևույթից ձերբազատվելու և երթևեկությունն ուշ ժամերի առավել անվտանգ դարձնելու համար հորդորում եմ ՃՈ-ին հետևողականորեն զբաղվել նաև այս խնդրի կարգավորմամբ:
Հ.Գ. Խոսքը չի վերաբերում գործարանային և որակյալ «քսենոն» լուսարձակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել