Tert.am-ը գրում է.

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատահականություն չի համարում «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը, որն իրականացվում է դեռևս ս.թ. փետրվարի 18-ին վարչախմբի պատվերով հարուցված շինծու քրեական գործի շրջանակներում. տեղեկացնում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը։

Ս.թ. մայիսի 4-ից հետո, երբ կալանավորման փոխարեն որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությամբ մեկամսյա ապօրինի կալանքից ազատ արձակվեցին այդ քրեական գործով հետապնդվող Ժիրայր Սեֆիլյանը և նրա գործընկերները, նշված գործով ամիսներ շարունակ ըստ էության դատավարական գործողություններ չեն կատարվել:

Սակայն այդ շինծու գործի վարույթը չի կարճվում, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի ճնշում գործադրել Ժիրայր Սեֆիլյանի և նրա գործընկերների վրա և սահմանափակել ու խոչընդոտել նրանց քաղաքական և քարոզչական գործունեությունը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարում է, որ վարչախմբի պատվերով հարուցված քրեական գործը չկարճելը և դրա միջոցով «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը ոչ միայն հանրաքվեի քարոզչության ամենակարևոր և թեժ շրջանում Ճակատի քաղաքական ու քարոզչական գործունեությունը խոչընդոտող և սահմանափակող ապօրինություն է, այլև արդեն միջազգային հանրության համար է տեսանելի դարձնում սահմանադրական փոփոխությունների և դրա հանրաքվեի գործընթացի  լեգիտիմ չլինելու հանգամանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել