Ընտանեկան կյանքում երբեմն լինում են բռնություններ. որպես կանոն, տղամարդն է ուժ կիրառողը։ Բազում կազմակերպություններ լծված են բռնության զոհ կանանց իրավունքների պաշտպանությանը, ֆեյսբուքում հաճախ ենք կարդում հուզիչ ու խորհրդատվական գրառումներ. էլ տղամարդկանց են մեղադրում, էլ այդ նույն տղամարդկանց մայրերին ու հայրերին, էլ պետությանը...
Ու ասում են՝ կանա՛յք, տուրք մի տվեք «ազգային կարծրատիպերին», մի՛ համակերպվեք բռնության հետ ու բաժանվեք ձեզ ծեծող սրիկայից, վերցրեք ձեր 1-2-3 երեխան ու գնացեք նոր կյանք սկսելու։ Մեծ առումով՝ վատ բան չեն ասում։
Բայց չեն ասում ամենակարևորը. այդ ինչպե՞ս պետք է փոքր երեխա/երեխաներ ունեցող կինը գնա ու միայնակ պահի իր երեխաներին։ Ո՞նց, երբ պետությունը միայնակ մորը տալիս է չնչին նպաստ։ Մեր երկրում ընտանիքի եկամուտը հիմնականում տղամարդն է ապահովում, կինը զբաղվում է երեխա պահելով։
Բերում են աշխարհի ամենազարգացած ու սոցիալապես ապահովված երկրների օրինակները, թե տեսե՜ք, Ֆրանսիայում մարդը սխալվի, կնոջն ասի՝ մի հատ կոֆե դիր, վե՛րջ, կինը կթողնի ու կգնա էդ ամբարտավանի մոտից։ Գուցե և այդպես է, բայց գնալուց հետո կինը պետությունից այնքան գումար ու սոցիալական այլ արտոնություններ է ստանում, որ երեխայի ապրուստի մասին չի մտահոգվում։ Իսկ մեզ մոտ այդպես չէ։
Դրա համար, հարգելի տիկնայք և պարոնայք, երբ խոսում եք, ֆեյսբուքում գրում եք, թե կինը չպետք է հանդուրժի տղամարդու բռնությունը, մի հատ ավելի սթափ հայացք գցեք կյանքին ու հարց տվեք՝ կարո՞ղ է ամուսնալուծված կինը միայնակ պահել իր երեխային/երեխաներին։ Կամ՝ արդյո՞ք բոլոր կանայք կարող են այդպես վարվել։
ՀԳ. Մենակ չասեք էլի, որ ընտանեկան բռնության կողմնակից եմ։