Tert.am-ը գրում է.
Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանն ընդունում է, որ եզդի համայնքի սրբատեղիների վերաբերյալ իր մեկնաբանության մեջ եղել է «ձևակերպման խնդիր», ինչն ընդունել է եզդի շեյխի հետ զրույցում, սակայն չի համարում, որ այնպիսի բան է ասել, ինչի համար ներողություն պետք է խնդրի:
Tert.am-ի հետ զրույցում Տեր Եսայի Արթենյանը, ի պատասխան հարցի, թե համարում է, որ եզդի համայնքին չի վիրավորե՞լ, ասաց.«Եթե ես մատծեի, որ վիրավորել եմ, իհարկե, ներողությունը միշտ էլ պատրաստ եմ, բայց այստեղ բացարձակ վիրավորանք չկա, ու ո՛չ նման միտում է եղել, ո՛չ էլ նման ցանկություն: Ես կարծում եմ` եղել է ձևակերպման խնդիր, քննարկել ենք իրենց շեյխի հետ, վերաձևակերպել ենք, եկել ենք ընդհանուր հայտարարի»:
Հիշեցնենք, որ ՉԻ-ն տեղեկացրել էր, որ օրերս Տեր Եսայի քահանան հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը ու ավալացրել.«Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արևն է: Աղոթում են արևին՝ որպես լույսի«:
Տեր Եսային ասաց, որ նման աղոթք ինքը լսել է Հայաստանի գյուղերից մեկում եզդիական մատուռ հիմնած եզդի կնոջ աղոթքում, որ չվնասի:
«Եվ շեյխն ասաց, որ ինքն էլ տեղյակ է, որ նման կին կա, որ նման սրբավայր կա և մեկնաբանեց, որ «մենք դա չենք ընդունում, դա եզդիների ուղղափառ դավանանքը չէ: Այն շեղում է եզդիներ հավատքից»,- փոխանցեց Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը: Նա խնդրել է շեյխից, որ «եթե նման բան կա, մեզ լուսաբանեք, որովհետև այդ մատուռը ներկայացվում է որպես եզդիների սրբավայր և մենք դա այդպես էլ ընդունում ենք»:
Տեր Եսայի Արթենյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարությունն արել է 6-7 տարի առաջ` պատասխանելով ընթերցողի հարցին, սակայն իր խոսքի այդ ձայնագրությունը նոր է տեղադրվել, դա տեսել է եզդի մի մտավորական, և եղել է համայնքի արձագանքը:



