Lurer.com–ը գրում է.
Նավթի համաշխարհային գնանկման հետ կապված Ադրբեջանում ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ փակում են Բաքվում իրենց ներկայացուցչությունները եւ հեռանում են Ադրբեջանից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, Բաքվում իր գրասենյակը փակելու եւ Ադրբեջանից հեռանալու մասին հայտարարել է նաեւ Georservice S.A. ընկերությունը:
Այս մասին կայքին հայտնել է Ադրբեջանի հարկերի նախարարության աղբյուրը:
1958 թվականին հիմնադրված Georservice S.A. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, ծառայություններ է մատուցում էներգակիրների արդյունահանման տեղամասերի, նավթագազային գործառույթների վերահսկողության, հանքահորերի ապարների քիմիական եւ մեխանիկական կազմության անալիզի անցկացման ոլորտում:
Անցյալ տարվա կեսերից մինչ այժմ Ադրբեջանից հեռացել են նավթագազային բնագավառում գործունեություն ծավալող արտասահմանյան տասնյակ ընկերություններ:



