Aravot.am-ը գրում է.
Թատերագետ Լեւոն Մութաֆյանի մահը նրա մանկության ընկեր, դրամատուրգ Սամվել Խալաթյանի համար առեղծվածային է:
«Մենք գրեթե ծանոթանալու օրից մտերմություն ենք արել: Ինձ համար շատ տարօրինակ է նրա մահը: Նախ` որ նա այն մարդը չէր, որ ինքնասպանության փորձ կատարեր՝ թունավորում կամ այլ բան: Լեւոն Մութաֆյանի տունը նշված հյուրանոցից, որտեղ նրա դին են գտել, 300մ. հեռավորության վրա է, այսինքն, հազիվ մի կանգառ այն կողմ: Ինչո՞ւ նա պետք է ցնցուղ ընդունելու համար մտներ հյուրանոց: Եթե ամառ լիներ, շոգ, գուցե հասկանալի լիներ: Բացի դա, որքան գիտեմ, նա Թբիլիսիից վաղուց էր վերադարձել, ինչու պետք է ասեր՝ հեռու տեղից եմ գալիս: Չեմ կարծում՝ որեւէ մեկը նրա կյանքին սպառնալիք ուներ, որովհետեւ տեղյակ եմ՝ նա գրում էր, քննադատում էր, այնուամենայնիվ, վերջին շրջանում ամենաահարկու մարդիկ, որոնք գուցե թե ընդունակ էին նման քայլ անել նրա դեմ, նրանք արդեն իրար մեջ պարզաբանվել էին, թշնամություն իրար նկատմամբ չունեին»: Մեր հարցին, թե ովքեր էին այդ ահարկու մարդիկ ու ինչ հարցեր ունեին, պարոն Խալաթյանը չցանկացավ անուններ նշել, մանրամասներ ներկայացնել.
«Դե այն մարդիկ էին, որոնց Լեւոնը քննադատում էր…չեմ նկատել, որ Լեւոնը առողջական խնդիրներ ունենար…շատ դետեկտիվային բան կա այս պատմության մեջ, ինձ թվում է, որ եթե երկրորդ մարդ է եղել նրա հետ, ապա նրան սպասել են հյուրանոցում… վստահ եմ՝ իրավապահ մարմինները կպարզեն մահվան հանգամանքները, ափսոս, որ մահացավ, լավ թատերագետ էր, համարձակ մարդ էր »:



