Ի՞նչ է կլիմայական փոփոխությունը
| Արկտիկայի սառցապատ հատվածի միջին ջերմաստիճանը 1980-ականներից մինչ օրս բարձրացել է 3°C-ով… |
Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած` գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի և հնարավոր ծանր հետևանքների մասին հիպոթեզը: Սկզբում՝ հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո, այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը, հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ և այլն, նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված «ջերմոցային էֆեկտի» և «գլոբալ տաքացման» պրոցեսներին և ինչ չափով, գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էր տալիս, ավելին, առաջարկում էին տարբեր մոդելներ՝ բացատրելու համար իրենց այդ պնդումները: Սակայն հետագա գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործունեության գործոնը թեպետ շոշափելի, բայց այդքան էլ հիմնավորված չէ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաև, որ Երկրի վրա գլոբալ կլիմայական փոփոխությունները պարբերական բնույթ ունեն, դրանք մոլորակի գեոմագնիսական դաշտի հետ տեղի ունեցող ցիկլիկ, բարդ պրոցեսների և այդ ընթացքում Երկրի մթնոլորտ ներթափանցող տիեզերական ճառագայթման հոսքի պարբերական, գլոբալ փոփոխությունների արդյունք են: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել Երկիր մոլորակի գոյության վերջին 100 մլն և ավելի տարիների ընթացքում նրա մագնիսական (գեոմագնիսական) դաշտի վարքի ուսումնասիրության արդյունքում: Հիմք դրվեց գիտության նոր`«գեոմագնիսական դաշտի վարիացիաների և բարձր էներգիայի տիեզերական ճառագայթման ազդեցությունը Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության ու կյանքի էվոլյուցիայի վրա» և «գեոհնէաբանություն» ոլորտներին: Այդ իսկ պատճառով առաջ քաշվեց մեկ այլ անվանում` «Կլիմայի համամոլորակային փոփոխություն»:
Այսօր որքան էլ գիտականորեն հիմնավորվում է Երկրի գեոմագնիսական դաշտի ազդեցությունը և դրա հետևանքով Երկիր մոլորակի վրա ցիկլիկ կլիմայական փոփոխության անխուսափելությունը, այնուամենայնիվ, այս ամենին միանում է նաև մարդկային գործոնը, որը ևս էական վնաս է հասցնում, և մեծ թվով գիտնականների կարծիքով էլ ավելի է արագացնում համամոլորակային կլիմայական փոփոխության ցիկլը: Այս պնդումը վերջին ժամանակներս ևս ենթարկվում է քննադատության: Մի շարք մասնագետներ վստահ են, որ մարդկային գործունեությունն էական վնաս չի կարող հասցնել կամ ազդել Երկրի կլիմայական փոփոխության վրա, սակայն կան փաստեր, որոնք հիմնավորում են մարդկային գործունեության բացասական ազդեցությունը:
Մարդու գործունեությունը որպես կլիմայական համամոլորակային փոփոխության կարևոր տարր:
1970-2004թթ. մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի ծավալն աճել է շուրջ 70%-ով:
Ամենախոցելին Էկոլոգիական և սոցիալ-տնտեսական այն համակարգերն են, որոնք կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն են և քիչ հարմարվող: Զգայունությունն` այն աստիճանն է, որով համակարգը կարող է արձագանքել կլիմայի տվյալ փոփոխությանը. այն չափվում է, օրինակ, թե էկոհամակարգի բաղադրիչները, կառուցվածքը և գործունեությունը ինչպես կարձագանքեն ջերմաստիճանի տվյալ չափի բարձրացմանը: Հարմարվողականությունն այն աստիճանն է, որով համակարգերը կարող են փոփոխվել` ի պատասխան արդեն փոփոխված կամ սպասվող պայմանների:
Մարդկության գործունեության «արդյունքը» և սպառնացող վտանգներ
| 2015թ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի: Նման ցուցանիշ մլորակում եղել 4-5 մլն տարի առաջ, նախքան սառցե դարաշրջանը… |
Թեպետ այսօր կան որոշ գիտնականներ, ովքեր պնդում են, որ էկոլոգիական նպատակներով և գլոբալ տաքացման դեմ կանխարգելիչ աշխատանքների համար ծախսվող միլիարդավոր դոլարները անտեղի են և միայն որոշ անհատների են ձեռնտու, այնուամենայնիվ, հստակ կարելի է նկատել` արդյունաբերական դարաշրջան թևակոխումից հետո մարդկությունն արդեն կարողացել է իր` կյանքի անհրաժեշտ բաղադրիչներ պարգևած մոլորակին հասցնել անդառնալի վնաս: Սկսած օրական արտահանվող միլիոնավոր տոննաների հասնող ընդերքի բնական պաշարներից, դրանց ոչ ռացիոնալ օգտագործումից, բնական մեկ նյութի վերափոխումից մեկով, որի արդյունքում քայքայվում, վնասվում կամ անպիտան են դառնում շրջապատող ամեն ինչ: Երկիր մոլորակի արդեն բազմաթիվ հատվածներում կարելի է տեսնել մարկային գործունեության հետևանքով մեր մոլորակին հասցված վերքերը, որոնք ոչ միայն չեն լավանում, այլև տարեցտարի ավելի մեծ մակերես են սկսկում զբաղեցնել: Հազարավոր հեկտարներով անտառահատված տարածքներ, բաց ու փաք հանքավայրեր, թունավոր նյութերով հագեցած պոչամբարներ, մթնոլորտ արտանետվող բազում վնասակար նյութեր և այլն: Այս ամենը էապես փոխում են մեր մոլորակի դեմքը և բնականաբար բացասական ազդում նաև հենց մարդկանց վրա: Մոլորակը՝ որպես կենդանի օրգանիզմ, այլևս չի կարողանում բնականորեն վերականգնվել, արդյունքում նման տեմպերով շարունակելը ադեն իսկ գուժում է մարդկության բնօրրանի ոչնչացման մասին, ոչնչացում, որն իրականացվում է մարդու ձեռքով:
Փորձենք նշել հնարավոր այն վտանգները, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել մեր մոլորակի համար: Աշխարհի բնակչության հսկայական մասը կենտրոնացած է համաշխարհարյաին օվկանոսի ջերից առնվազն 60մ հեռավորության վրա: Գլոբալ կլիմայական փոփոխությունների արդյունքում կանխատեսվում է համաշխարհային օվկանոսի ջրերի բարձրացում: Արդյունքում բնակչության համար առավել նպաստավոր և հարմարավետ տարածքներն անմիջականորեն վտանգի են ենթարկվում: Արդեն այսօր կան տարածաշրջաններ, որոնք ջրածածկույթից պաշտպանելու համար կառուցվում են պատնեշներ:
| Վերջին տասնյամակում ջերմաստիճանի տարեցտարի բարձրացում է նկատվել: Նախորդ 2014 թվականը եղել է ռեկորդային տաք տարի կլիմայական ուսումնասիրությունների ողջ ժամանակահատվածում: |
Հյուսիսային սառուցյալ օվկանոսի և Գրենլանդիայի սառցաշերտը վերջին հարյուրամյակում կտրուկ տեմպով կրճատվում է: Մոտավոր հաշվարկներով աշխարհի ամենամեծ կղզին մինչև 2100 թվականը կարող է ամբողջովին ձերբազատվել սառցաշերտից, որն իր հերթին ևս օվկիանոսի մակարդակի բարձրացմանը կհանգեցնի, ինչպես նաև այդ դեպքում կմեծանա արևային էներգիայից ջերմացող ցամաքային մակերեսը:
Ջերմաստիճանը որոշ տարածաշրջաններում կարող է անբերանպաստ դառնալ բակչության համար: Ի դեպ, եթե խոսվում է միայն ջերմաստիճանի բարձրացման մասին, ապա պետք նշել նաև, որ մոլորակի մի շարք հատվածներում այն կարող է խիստ նվազել: Հատկապես բարձրալեռնային գոտիներում սառցաշերտերի մեծացում կարող է նկատվել: Որոշ հատվածներ կարող են ավելի խիստ չորային դառնալ: Հյուսիսային բևեռի սառցաշերտի փոքրացումը Սիբիրում և սառցապատ հատվածներում կարող է էլ ավելի հսկայական վնաս հասցնել ողջ մարդկությանը: Այստեղ սարցաշերտի տակ կուտակված մեթանը և այլ պայթունավտանգ գազեր կարող են ընդհուպ մոտենալ երկրի մակերևույթին, անգամ մղվել մթնոլորտ, որի արդյունքում առանց այդ էլ թունավոր արտանետումներից հագեցած մթնոլորտն էլ ավելի կարող է աղտոտվել:
Առոջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունների գնահատականներն ավելի մտահոգիչ են բնակչության կյանքի և գործունեության առումով և նշում են ժողովրդագրական մի շարք խնդիրների առաջացումը:
Գծապատկերում ներկայացված է ժողովրդագրական խնդիրների կապը արտադրության և ռեսուրսների միջև:
Ըստ հաշվարկված տվյալների՝ երկրագնդի անապատային գոտու մեծացումն անխուսափելի է: Խմելու ջրի պաշարաների նվազումը՝ նույնպես: Վերջինս կարող է հանգնեցնել բազմաթիվ համաճարակների տարածմանը: Ջերմաստիճանային կտրուկ տատանումները բացասական կազդեն միլիոնավոր մարդկանց առողջության վրա: Հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների սրում է դիտվում, իսկ մահացության թիվը կարող է կրկնապատվել, անգամ եռապատկվել: Արտադրության հետևանքով ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտումը կհանգեցնեն հողի, ջրի աղտոտմանն ու անպիտան դառնալուն:
Օզոնային շերտի խիստ վնասումը ևս իր բացասական հետևանքները կարող է ունենալ: Այսօր մոլորակի որոշ տարածաշրջաններում օզոնային շերտը խիստ վնասված է, և Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն ընդհուպ հասնում են Երկրի մակերևույթ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` դրա հետևանքով կարող է կտրուկ աճել մաշկային հիվանդություններով մարդկանց թիվը:
Ամփոփում կամ անհրաժեշտ քայլեր
Երկիր մոլորակը՝ որպես կենդանի օրգանիզմ և փոխկապակցված համակարգ, մեկ ամբողջություն է: Ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել և առաջ բերել բազմաթիվ այլ խնդիրներ: Խոսելով համամոլորակային կլիմայական փոփոխությունների մասին՝ պետք է նշել, նաև, որ Հայաստանը ևս չի կարող զերծ մնալ այս խնդիրներից: Մոտակա մեկ տասնամյակում, որոշ մասնագետների կանխատեսումների համաձայն, միայն Հայաստանի Հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: 10-15 տոկոսով կնվազեն մթնոլորտային տեղումները, որն էլ իր հերթին կբերի կիսաանապատային և անապատային գոտու ավելի քան 30 տոկոս մեծացման: Առանց այդ էլ այսօր ադեն նկատելի է Արարատյան հարթավայրում արտեզյան ջրային պաշարների խիստ նվազում: Սրանք միայն գնահատականներ են Հայաստանի համար, սակայն պատկերը համամոլորակային է: Մարդկությունը պետք է հստակ հետևի ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից հաստատված ծրագրերի պահանջներին, հնարավորինս կրճատի ռեսուրների ոչ ռացիոնալ օգտագործումը կամ անցնի էկոլոգիապես առավել մաքուր ռեսուրսների օգտագործմանը` այդ կերպ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի թիվը: Հասկանալի է, որ Երկիր մոլորակի գլոբալ կլիմայական փոփոխությունները որքան էլ կապված լինեն ցիկլիկ պարբերաշրջանի հետ, այնուամենայնիվ, մարդկային գործոնի հետևանքով այդ ցիկլի արագացում է նկատվում: Շատ գիտնականներ արդեն անշրջելի են համարում այն գործընթացները, որ սկսվել են 20-րդ դարի կեսից, բայց, այնուամենայնիվ, դեռ կա հնարավորություն առավել նվազեցնել բոլոր այն վտանգները, որոնք կախված են ներկայիս մարդկության գլխին, առավել ևս հետագա սերունդների:
Նյութի աղբյուր՝ http://armmkheyan.blogspot.am/2015/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




