Նոյեմբերի 12-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում զուգահեռաբար մեկնարկելու են կանանց և տղամարդկանց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունները: 
Տղամարդկանց և կանանց ՀՀ հավաքականները համապատասխանաբար Արշակ Պետրոսյանի և Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ մրցավայր են մեկնելու վաղը` նոյեմբերի 11-ին: 
Տղամարդկանց մրցաշարի ֆավորիտներից մեկը համարվող ու աշխարհի ուժեղագույն ընտրանիներից մեկի համբավը վայելող Իսրայելի հավաքականը թեև հայտավորված է, սակայն շատ հնարավոր է՝ բաց թողնի պատասխանատու այս ստուգատեսը, քանի որ այդ երկրի սպորտի նախարարությունը դեռ չի կարգավորել առաջնությանը մասնակցելու Իսրայելի պատվիրակության ֆինանսական հարցերը: Այս մասին տեղեկանում ենք իսրայելական մամուլի հրապարակումներից: Մասնավորապես, izrus.co.il. կայքում հրապարակված հաղորդագրության մեջ տագնապ–ահազանգի գնահատականներ են հնչում: Այդ հաղորդագրություններում նշվում է, որ սա ոչ միայն Իսրայելի շախմատին, այլ ողջ երկրի իմիջին ու հեղինակությանը հարվածող ու խայտառակող երևույթ է: Իսրայելի սպորտի նախարարուհի Միրի Ռեգևը ձգձգել է 250 հազար շեկելի (շուրջ 64 հազար դոլար, 1 շեկել= 0.255407 դոլարի) փոխանցումը շախմատի Իսրայելի ֆեդերացիային: Եթե սպորտի նախարարն այժմ առաջնության մեկնարկին մնացած 2 օրում անհապաղ միջոցներ չձեռնարկի, ապա իսրայելական շախմատի պատմության մեջ կգրանցվի իրոք անհաճո, անպատվաբեր ու միաժամանակ աննախադեպ սկանդալային միջադեպ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել