««Մենյու Գրուփը», որը միավորում է Հայաստանում և Վրաստանում գործող ռեստորանային սննդի պատվիրման առաջատար համակարգերը՝ menu.am-ը և menu.ge-ն, վերջերս ֆինանսավորման բանակցություններ էր վարում «Granatus ventures»-ի և այլ ներդրողների հետ։ Արդյունքում, օրերս ստորագրվել են պայմանագրեր փոխարկելի պարտականությունների վերաբերյալ՝ 720.000 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մենյու Գրուփ» ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը։ Ընկերությունն ունի հայ ներդրողներ արտերկրից, սակայն նրանց անունները ցանկանում են գաղտնի պահել։ Ներդրողներն այս փուլում դեռ բաժնետերեր չեն հանդիսանում։

Ներդրումային միջոցներն ուղղվելու են menu.am-ի և menu.ge-ի ուժեղացմանը։ Ընկերությունը նպատակ ունի հաստատվել նաև տարածաշրջանի այլ երկրներում, մասնավորապես՝ Բելառուսում և Իրանում։ Մինչև մարտ այս երկրներից մեկում համակարգն արդեն կգործի։ Ի դեպ, ընկերության միջոցով Հայաստանում ստեղծվել է 100-ից, Վրաստանում՝ 50-ից ավելի աշխատատեղ։
«Մենք նպատակ ունենք Հայաստանում և Վրաստանում աշխուժացնել մեր ընթացիկ գործունեությունը։ Հայաստանում լուրջ մրցակիցներ չունենք, Վրաստանում մեր մրցակիցը մի ընկերություն է, որը գործում է 72 երկրում, սակայն մենք հաջողությամբ մրցակցում ենք իրենց հետ։ Առհասարակ, մեր ամենամեծ մրցակիցը մենք ենք. ամեն օր մեր աշխատանքով մենք փորձում ենք լավացնել մեր ծառայության որակն ու գերազանցել ինքներս մեզ»,- ասաց Վահան Քերոբյանն ու հավելեց, որ զարգացման շատ լավ տեմպեր ունեն, սակայն եղածով չեն բավարարվելու։ Նա նշեց, որ իրենց պատվերների կեսից ավելին արդեն օնլայն են արվում, ինչը խոսում է այն մասին, որ էլեկտրոնային կոմերցիան Հայաստանում զարգանում է։

Անդրադառնալով ընկերության վաճառքի վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին՝ «Մենյու Գրուփ»-ի տնօրենն ասաց, որ որոշ ժամանակ առաջ ոլորտի մեծ ընկերություններից մեկի հետ բանակցություններ էին վարում, սակայն դրանք ընդհատվել են։ «Դա ոչ մի առումով մեզ չի անհանգստացնում, քանի որ մենք գիտենք, որ լավ բիզնես ենք կառուցում և ապագայում էլ կստանանք նման առաջարկներ։ Հաշվի առնելով ընկերության ներկա ստրատեգիան՝ մենք առայժմ չենք դիտարկում կլանման որևէ առաջարկ»,- եզրափակեց նա։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



