Սոցիալական ցանցերում մարդկանց ակտիվությունն այսօր իր գագաթնակետին է հասել: Դրա համար էլ զարմանալի չէ, որ գործարարներն ու այս կամ այն բրենդի ներկայացուցիչները, թողած հեռուսատատեսությունն ու ամսագրերը, թերթերն ու ամեն տեսակ թռուցիկները, իրենց գովազդները սկսել են տեղադրել սոցիալական ցանցերում: Հայաստանում գովազդ տեղադրելու առումով դեռ ամենազարգացածը Ֆեյսբուքն է: Սակայն ամբողջ աշխարհում առաջատարն Instagram-ն է, որից, չգիտես ինչու, մեր հայ գովազդատուները չեն օգտվում:

Ընդամենը երկու տարի առաջ Instagram-ը համարվում էր նկարվել սիրող, «թիթիզ» աղջիկների համար նախատեսված հավելված, որտեղ ոտք չէր դնում ոչ մի մարկետոլոգ և գովազդային գործակալ: Սակայն այս սոցիալական ցանցի հնարավորություննների շրջանակն այնքան մեծ էր, որ նրանք այն շրջանցել չկարողացան: Օրական Instagram է այցելում 13.3 մլն մարդ, դրա հետ մեկտեղ այդ այցելուները համարվում են «դրական տրամադրված» (ցանցում հրապարակված հաղորդագրությունների 91%-ը պոզիտիվ երանգ է կրում):

Ինչ է հարկավոր Instagram-ում գովազդ տեղադրելու համար

Instagram-ում գովազդները տեղադրվում են հայտնի և ճանաչված մարդկանց էջերում: Գովազդի համար հարթակ ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները`

  • հայտնիությունը. որքան հայտնի և ճանաչված է օգտատերը, այնքան շատ հետևորդներ նա ունի, հետևաբար նրա գրառումները լայն տարածում են ունենում և երևում են շատ մարդկանց մոտ:
  • սիրված և ընդունված լինելը. որքան սիրված է արտիստը, այնքան շատ են նրա գործողություններն ընդօրինակման ենթակա: 
  • ճիշտ հաշվարկել ձեր թիրախային լսարանը. օրինակ՝ եթե գովազդելու եք երիտասարդների համար նախատեսված ապրանք, ապա պետք է ընտրեք երիտասարդ լսարան ունեցող հայտնի մեկին, օրինակ՝ սերիալի դերասան, փոփ երգիչ, հումորիստ:
  • խուսափել ուղիղ գովազդներից. երբեք ուղիղ կերպով այս կամ այն ապրանքը գնելու կոչ մի՛ արեք: Դա հակառակ ազդեցությունն է ունենում: Հայտնի դեմքը պետք է իր օգտագործման օրինակով մարդկանց «խորհուրդ տա» գնել այս կամ այն ապրանքը կամ օգտվել որևէ ծառայությունից:

Ինչ են ավելի հաճախ գովազդում Instagram-ում

Շատ հաճախ հայտնի մարդկանց ինստագրամյան էջերում գովազդվում է փոքր բիզնեսը` գեղեցկության սրահներ, հագուստի կամ կոշիկի խանութներ, դիմահարդարման և խնամքի պարագաներ, ատամնաբուժական ծառայություններ, ժամանցի վայրեր, սրճարաններ և ռեստորաններ, տան և ինտերիերի կահույք, աքսեսուարներ և այլն:

Օրինակ՝ անցյալ տարի ռուս բլոգերներից մեկը հաշվել էր, թե ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի Instagram-ում 990 գրառումներից քանիսն են գովազդային: Արդյունքում ստացվել էր` 140-ը՝ հագուստի խանութի գովազդ, 70-ը՝ սպասարկման ոլորտ` վարսահարդար, մատնահարդար, դիմահարդար և այլն, 100-ը` զարդեր և աքսեսուարներ: Իսկ Բորոդինայի Instagram-ում մեկ գովազդային գրառումն արժե 50-80.000 ռուբլի: Դե պատկերացրեք` ինչ գումարներ են վաստակում աստղերն իրենց էջերով:

 

Instagram-ում գովազդ տեղադրելու հարթակ կարող է համարվել այն մարդու էջը, ով անցել է 10.000 հետևորդի սահմանը: 

Հայ հայտնիներից այդ սահմանը հատել են` 

Սիրուշո՝ 94.000 + հետևորդ

Լիլիթ Հովհաննիսյան՝ 83.000 + հետևորդ

Նազենի Հովհաննիսյան՝ 58.000 + հետևորդ

Արփինե Գաբրիելյան՝ 55.000 + հետևորդ

Անի Երանյան՝ 47.000 + հետևորդ

Միհրան Ծառուկյան՝ 35.000 + հետևորդ

Արամ Мp3՝ 39.000 +  հետևորդ

Մյուս հայ հայտնիներին առանձին-առանձին չեմ նշում, բայց ասեմ, որ նրանց մեծ մասը 10.000-ից ավել հետևորդ ունի: Մեր աստղերի էջերը գովազդ տեղադրելու համար ամենահարմար հարթակներն են: Պատկերացրեք` քանի հոգի հաջորդ օրը կփորձի հագնել նույն վերնաշապիկից, որից հագել էր Միհրան Ծառուկյանը կամ այցելել նույն վարսահարդարի մոտ, ում մոտ գեղեցկացել էր Անահիտ Սիմոնյանը:

Զարմանում եմ, թե ինչու մեր գովազդային ինդուստրիան ժամանակին համընթաց չի քայլում ու բաց է թողնում այս բազմահազարանոց «շուկան»: 

Չնայած վերջերս մի քանի էջերում նկատվում են գովազդներ, օրինակ՝ Դիանա Մալենկոն և Արտակ Վարդանյանը թևնոցներ են գովազդում, Նազենի Հովհաննիսյանը` հագուստի բուտիկ: Եվ շատ է ուրախացնում, որ մենք էլ ենք սկսել օգտվել ժամանակակից միջոցներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել