Էլ դարդ ու ցավ չունեինք, հիմա էլ պետք ա նստենք, մտածենք, թե ոնց համոզենք Եկեղեցուն, որ իր զվյոզդը տարած մի քանի տերտերներ կամ ընդհանրապես չխոսեն թեմաներից, որոնցից միջնադարյան ինկվիզիտորի մակարդակով են գլուխ հանում, կամ էլ խոսելիս գոնե բարի լինեն համոզվել, որ կոմպետենտ են իրենց թեզիսներում արծարծվող թեմաներում, իսկ իրենց խոսքը չի հանգեցնի ազգամիջյան լարվածության։
Այ օրինակ՝ Եսայի քահանան, ով հայտնի դարձավ լայն լսարանին շնորհիվ նրա, որ մի քանի տարի առաջ բախում էր ունեցել ինչ-որ աղանդավորների հետ եկեղեցու բակում ու դրանից հետո դարձել էր բոլոր հեռուստաընկերությունների մշտական հյուրը։ Եսային օրերս անդրադարձել է եզդի տղաների հետ հայ աղջիկների ամուսնանալու հարցին, որտեղ մի շարք անպատասխանատու հայտարարություններ է արել, որոնք հետևանք են ոչ թե չարամիտ դիտավորության, այլ թեմային չտիրապետելու, ու եզդիներն էլ հիմա վիրավորվել են նրա խոսքերից։
Եսայի քահանան մասնավորապես հայտարարել է, որ եզդիներն արևապաշտ են ու սատանայի պատկերներ են պահում իրենց սրբավայերում և խնդրում են նրան, որ իրենց չվնասի։ Սա, իհարկե, կրոնական անգրագիտություն է, որովհետև եզդիների կրոնի մասին մինիմալ պատկերացումներ ու տեղեկություն ունեցողն անգամ գիտի, որ այնտեղ գոյություն չունի սատանա ասվածը, ու նրանք ոչ թե արևապաշտ են, այլ համարում են, որ Արևը պարզապես խորհրդանշում է իրենց աստծուն, ինչպես, ասենք, մեզ մոտ՝ խաչը, իսկ իսլամում՝ կիսալուսինը։
Պակաս անգրագիտություն չի սատանայի մասին հայտարարությունը, որովհետև նա, ըստ ամենայնի, նկատի է ունեցել եզդիական կրոնում առկա հրեշտակներից մեկի կերպարը։ Այս առնչությամբ բավականին զավեշտալի հակափաստարկ են բերել հենց եզդիները՝ նշելով, որ միայն ԻՊ-ի իսլամիստներն են համարում դա սատանայի մարմնավորում՝ ակնարկելով, որ Եսայի քահանայի կեցվածքն ու հռետորաբանությունն այս հարցում քիչ են տարբերվում միջնադարյան խավարում դեգերող իսլամիստի պատկերացումներից...
Արդյունքում, ոչ մի առաջնային նշանակություն չունեցող հարցի անիմաստ արծարծում, որի ժամանակ փառքի ճառագայթների տակ նորից հայտնվելու համար սելեբրիթի տերտերը սկսում է «Рен ТВ»-ի մակարդակի բաներ խոսել և վիրավորում է մեր ամենամեծ ազգային փոքրամասնությանը։ Եթե չեմ սխալվում, մի անգամ էլ էս կրոնական հարցերի գիտակը հայտարարել էր, որ դիակիզում չի կարել անել, որովհետև էդ դեպքում դիակիզվածները չեն կարողանա հայտնվել աստծո դատաստանի առջև՝ մարմին չունենալու պատճառով...
Եկեղեցում լավ կանեն՝ իրենց սելեբրիթիների հետ մի քիչ գաղափարադաստիարակչական աշխատանքներ տանեն, որ իմանան, թե ինչ կարելի է խոսել, իսկ ինչ՝ ոչ, ինչն է նպատակահարմար բարձրացնել, իսկ ինչը՝ ոչ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել