Հարց հոգևորականին
Հայր Սուրբ, մի՞թե աղոթքը մոմ վառելու հետ որևէ կապ չունի։ Ընկերներիցս մեկը մոմը որակավորել է քահանաների բիզնես։ Խնդրում եմ ինձ համարժեք պատասխան տվեք։
Պատասխան.
Կարծում եմ, եթե մոմը բիզնես լիներ, բոլոր հոգևորականները անոթի կմնային...
Մոմ։ Ի՞նչ է այն։ Լույսի խորհրդանիշ։ Ի՞նչ ասաց Քրիստոը Հովհաննեսի ավետարանի 8,12-ում «Ես եմ Լույսը աշխարհի»։ Մեր էության մասին ի՞նչ ասաց Պողոս առաքյալը 1. Կորնթացիների 6.19 «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել էք Աստծուց»։ Եթե իմ մարմինը տաճարն է Երրորդության անձերից մեկի, քանի որ այնտեղ է ապրում Աստծուց մեզ փոխանցված կենդանության հիմքը հանդիսացող Սուրբ Հոգին, ուրեմն ինձ կյանք և կենդանություն տվողը ո՞վ է, հենց այդ Սուրբ Հոգին, որն իմ մեջ է։ Համաձայն հավատացյալի՝ ի՞նչ է եկեղեցին, այն վայրը, ուր գտնվում է աստվածային ներկայությունը, այսինքն՝ դա նկատվում է այսպես կոչված Աստուծո տունը։ Հիշենք Քրիստոսի ավետարանական խոսքերը. «Իմ Տունը աղոթքի տուն կոչեցի, իսկ դուք այն վերածեցիք ավազակների այրի»։ Ուրեմն եկեղեցին Աստծո տունն է, այնտեղ ես մոմ վառելով լուսավորում եմ Տիրոջ տաճարը, այն հավատքով, որ Քրիստոս կյանքի և կենդանի իր Լույսով կլուսավորի մեր հոգու Տաճարը, որպեսզի չլինենք երբեք խավարի որդիներ, այլ Հիսուսի կամքով՝ Լույսի Որդիներ։ Դա առևտրի հետ որևէ առնչություն չունի։ Եթե մեր եկեղեցում տակավին տասանորդի կերպը չի որդեգրվել, մի բան, որ արդեն իրականացնում են ձեր ընկերների այցելած վայրերում, ապա մոմավառության չնչին գումարները ոչ թե առևտրի իմաստն են, այլ այն լուման, որ հրեաները գցում էին Տիրոջ գանձանակը, որ մեզ սովորեցրեց աղքատ կնոջ լումայի պատմության մեջ։ Ուրեմն հիշեք, հավատամքն առանց խորհրդանշանների չի լինում, ինչպես ադամական մեղքից մաքրվելու համար հարկավոր է ջրի լվացում, ինչպես մեղքերից ազատվելու համար հարկավոր է Փրկչական Գառան զենումը, այնպես էլ մոմը մեր փրկչի Լույսի խորհրդավոր առկայությունն է արտաքին և ներքին կյանքից ներս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել