15 տարի առաջ ես և Աշոտ Խաչատրյանը հիմնադրեցինք «Գեղեցկության լիգան»: Այդ ժամանակ դա շատ կարևոր ու պատասխանատու նախաձեռնություն էր: Երկուսս էլ ունեինք մեր հիմնադրած գեղեցկության մրցույթները, երկուսիս մրցույթներն էլ տարբեր էին ու իրենց առանձնահատկություններով: Աշոտը կազմակերպում էր «Միսս և Միստր» գեղեցկության, նրբագեղության և ներդաշնակության մրցույթը, ես՝ «Միսս աշակերտուհի» գեղեցկության և շնորհալիության մրցույթը: Անկեղծության համար ասեմ, որ երկու մրցույթներն էլ շատ հեղինակավոր էին և մասնակիցներ ունեին ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից:
Սակայն ինչպես և ամենուր, մեր համագործակցությունը ևս խաթարվեց այն պահին, երբ որոշ տզրուկներ փորձեցին սեփական ուժերով կազմակերպել ճ կլասի միջոցառումներ:
Ստացվեց այնպես, որ ես ու Աշոտը սառեցրինք մեր համագործակցությունը: Չնայած այդ ամենին՝ մեր դպրոցներն անցած սաները հետևողականորեն գրավեցին հայկական շոու ասպարեզը: Երկու մրցույթների հաղթողներն էլ այսօր հանդիսանում են հայկական շոու ասպարեզի համար մեկ դեմքերը: Ե՛վ ես, և՛ Աշոտը հպարտանում ենք մեր սաներով: Երևի թե իրենք էլ հպարտանում են մեզնով: Այսօր մեր սաները փայլում են և՛ դերասանական ասպարեզում, և՛ որպես երգչուհիներ, մոդելներ, մոդելավորողներ, ռեժիսորներ, սցենարիստներ, մի խոսքով ամենուր: Նրանցից ոմանք, ովքեր չընտրեցին մշակութային ճյուղը, իրենց ուրույն դերն ունեն նաև քաղաքական կամ հասարակական կյանքում: Մի խոսքով, մեր սաներն ամենալավն են:
Այս ընթացքում Աշոտին հաջողվեց նաև մի շարք միջազգայն մրցույթների կողմից ստանալ սերտիֆիկատներ, որոնք փաստում են, որ տարածաշրջանում հենց նա է հանդիսանում այդ մրցույթների պաշտոնական ներկայացուցիչը:
Աշոտին հարգում եմ հենց այն բանի համար, որ նա իր աշխատասիրության շնորհիվ այսօր ապահովել է մեր լիգայի ծանրակշիռ գործունեության հենքը:
Իհարկե, յուրաքանչյուր գործ կարող է քննադատվել, բայց շնորհակալություն չհայտնել նրանց, ովքեր իրոք իրենց ուրույն ներդրումն ունեն այս ամենում, շատ վտանգավոր է:
Հիմա ամենակարևորի մասին:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Գեղեցկության լիգան» սկսում է գործել:
Այսուհետ լիգայի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները լինելու են Գարիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի խիստ վերահսկողության ներքո:
Բոլոր գաստարբայտեր, մեկանգամյա կամ թեկուզ որոշակի հիմք ունեցող կազմակերպություններին, որոնք զբաղվում են Հայաստանում նմանատիպ գործունեությամբ, անձամբ հրավիրում եմ հանդիպման: Ես պատրաստ եմ լսել և համագործակցել յուրաքանչյուրիդ հետ: Ի դեպ, հարգում եմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զարգացնել Հայաստանում այսօրինակ ուղղությունը: Միասին մենք կարող ենք հասնել ավելի մեծ բարձունքների:
Ի դեպ, ես հրավիրում եմ ընդամենը մեկ անգամ...
Այս պահից սկսած, «Գեղեցկության լիգայի» ներկայացրած բոլոր միջազգային մրցույթներում Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը: Մի շարք մրցույթներում մասնակցելու համար կկազմակերպվեն լուրջ մրցութային միջոցառումներ:
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք «Գեղեցկության լիգայից» անկախ Հայաստանից ներկայացուցիչներ կառաջարկեն բազմապիսի, տարօրինակ անուններով, կասկածելի ծագման, կասկածելի պատմություն ունեցող մրցույթներին, մեր կողմից ևս կստանան նույնպիսի անփոխարինելի աջակցություն: Ես ինքս կլուսաբանեմ, թե ինչ որակի, ինչ մակարդակի մրցույթին պիտի մասնակցի մեր հայուհին: Այնպես որ, առաջարկում եմ լուրջ մտածել ցանկացած քայլ անելուց առաջ:
Ընթացքում «Գեղեցկության լիգան» մամուլի միջոցով կտեղեկացնի իր հետագա ծրագրերի մասին: Լիգայի շրջանակներում կազմակերպվող բոլոր մրցույթները կունենան խիստ վերահսկողություն և կհամապատասխանեն միջազգային բոլոր ստանդարտներին:
Ես և Աշոտը որոշել ենք գեղեցկություն կոչվող տոնն իրոք վերածել երջանիկ միջոցառման մեր հրաշք գեղեցկուհիների համար: Հուսով ենք, որ մեր մրցույթների բոլոր մասնակիցներն ու կազմակերպիչները կսատարեն մեզ՝ առավել որակյալ միջոցառումներ անցկացնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=880057528742461&set=a.364391626975723.83259.100002146654523&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել