Tert.am-ը գրում է.

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը, որը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն ընդունել է և ներառել հունվարյան լիագումար նիստի օրակարգում, միայն վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Բանաձևը միայն վնաս է հասցնում, սակայն աշխատանքներին և բանակցություններին չի կարող խոչընդոտել, որովհետև այն ձևակերպումները, որ այնտեղ կան, տրամագծորեն հակասում են Մինսկի խմբի բոլոր մոտեցումներին, համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններին, և ավելին՝ ուղղակի կան մեջբերումներ հենց  Ադրբեջանում հնչեցված ամենաբարձր մակարդակով տարբեր ելույթներից ու փաստաթղթերից: Այսինքն՝  հիմա ակնհայտ է, որ Ուոլթերի զեկույցը գրվել է Բաքվում, և դա իրոք վնաս է հասցնում»,- ասաց փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք, որ իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դժգոհություն էր հայտնել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, և միջազգային կազմակերպությունները չեն խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ԼՂ-ի վերաբերյալ բանաձև ընդունելուց առաջ: 

Հարցին, թե այս կառույցներում նա հակադրություններ չի տեսնում, երբ Մինսկի խումբը պարբերաբար կողմերին կոչ է անում հասարակական վստահության մթնոլորտ  ձևավորել, սակայն ԵԽԽՎ-ն նման ապակառուցողական բանաձև է ընդունում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե իհարկե նման ծայրահեղ քայլերը նույնիսկ հակառակ ռեակցիան են առաջացնում:

«Ռուսերեն ասած «перестарались», նման  ծայրահեղ բաները նույնիսկ հակառակ ռեակցիա են առաջացնում, դա էլ պետք է հաշվի առնենք»,- ասաց նա՝ շեշտելով, որ ինքը դա չի ասում արդարանալու համար:  «Ես դա չեմ ասում մեզ հանգստացնելու համար, որ պետք չի  աշխատել և այլն  և այլն, բայց այդ էլեմենտն էլ կա»,-  նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել