Նոյեմբերի 12-ին արդեն 5-րդ անգամ մեկնարկում է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը: Փառատոնի կինոցուցադրությունների ծրագրում ընդգրկված են 70 կարճամետրաժ, փաստագրական և խաղարկային ֆիլմեր 22 երկրներից: 

Ֆիլմերի մեծամասնությունը վերջին երկու տարիներին բազմաթիվ մրցանակներ է ստացել ամենահեղինակավոր կինոփառատոներում: Իսկ մինչև այդ առաջարկում ենք 10 ֆիլմեր, որոնք անպայման արժե դիտել «Արևորդի» փառատոնի ժամանակ:

Ամբողջական ժամանակացույցը կարելի է գտնել այստեղ։

1. Bikes VS Cars / Հեծանիվներն ընդդեմ մեքենաների (Շվեդիա, 2015)

Վերնագրից կարող է թվալ, որ սա հերթական ֆանտաստիկ ժանրի մարտաֆիլմ է: Եթե չկենտրոնանանք ժանրի վրա, իրականում այդպես էլ կա, ուղղակի այդ «մարտերն» ընթանում են մեր իրականությունում: Ֆիլմում երկու պայքարող կողմերից մեկն անընդմեջ աճող, աղտոտված և աղմկոտ երթևեկությունն է, մյուսը`  ակտիվիստներն ու պարզապես մտահոգ մարդիկ, ովքեր պայքարում են ավելի լավ քաղաքի համար, ովքեր, թեև աճող վրաերթի դեպքերին, հրաժարվում են դադարեցնել հեծանիվ վարելը: Ֆիլմը հատկապես կսիրեն հեծանիվ վարելու հանդեպ ոչ անտարբեր մարդիկ:

2. Elemental / Տարերային (ԱՄՆ, 2012)

Ֆիլմը պատմում է երեք արտասովոր մարդկանց մասին, ովքեր, միմյանցից անջատված լինելով օվկիանոսներով, յուրաքանչյուրն իր մայրցամաքում փորձում է մի ուտոպիստական ծրագիր իրագործել` հանուն բնության պահպանության: Մեկը փորձում է մաքրել Գանգես գետը, մյուսը` դադարեցնել աշխարհի ամենախոշոր արդյունաբերական գիգանտի գործունեությունը, երրորդը` ներդրումներ գտնել գլոբալ տաքացումը կասեցնող սարք պատրաստելու համար: Որո՞նք են այս մարդկանց մոտիվացիաները, արդյո՞ք նրանք հասկացված են իրենց շրջապատի կողմից, և ի՞նչ ճակատագիր է նախատեսված նրանց անձնուրաց ու խելառ մտահղացումների համար:

3. Gambling on extinction / Մոլախաղ բնաջնջման վրա (Գերմանիա, 2014)

Ֆիլմը հզոր վավերագրություն է, որի թաքնված հետաքննությունն անցնում է Քենիայի և Հարավային Աֆրիկայի սահմռկեցուցիչ տափաստաններից մինչև Վիետնամի և Չինաստանի առևտրային կենտրոններ: Ռեժիսոր Յակոբ Կնեսերը բացահայտում է  համաշխարհային առևտրաարդյունաբերության մահաբեր մեքենայությունները, ահաբեկիչների կապերը, բացահայտում, թե ովքեր են գնորդները, ինչն է պահանջարկի պատճառը, և ինչ է կարելի անել փղերի ու ռնգեղջյուրների կոտորածը կանգնեցնելու համար: Տարեկան 20 միլիարդ դոլարի հասնող այս բիզնեսը երրորդն է թմրաբիզնեսից և զենքի վաճառքից հետո, որը միջազգային հզոր, մեծածավալ և միահյուսված մոնոպոլիայի մենաշնորհն է:

4. GMO OMG / ԳՄՕ. Աստված իմ (ԱՄՆ, 2013)

Ի՞նչ ազդեցություն ունեն գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները (ԳՄՕ) մեր երեխաների, մոլորակի և մեր ազատ ընտրության վրա: Արդյոք հնարավո՞ր է մերժել ներկայիս սննդային համակարգը, կամ արդյոք մենք կորցրե՞լ ենք մի բան, որ այլևս հետ չենք բերի: Ռեժիսոր և պարզապես մտահոգ հայր Ջերեմի Սեյֆերտը գնում է այս հարցերի պատասխանները գտնելու: Սեփական տանից մինչև Հայիթի, Փարիզ, Նորվեգիա և անգամ ագրոհսկա Մոնսանտոյի նախասրահ, որտեղից նրան դուրս են վռնդում: Ողջ ճանապարհին նա գաղափար է կազմում աշխարհի բնակչության ամեն-պահ աճող անհանգստության մասին. ի՞նչ է իսկապես քո ափսեում:

5. Human / Մարդ (Ֆրանսիա, 2015)

«Մարդ»-ու նպատակն է լինել մեր գիտակցության զգայուն և քնքուշ դիմանկարը՝ որպես միասնություն, ընտանիք, և որ ամենակարևորն է՝ անհատ: «Մարդ»-ը ցույց է տալիս մարդկության խավար կողմը, բայց և լուսավորում է դրա լավագույն հատվածը, քանի որ բոլորս մեզանում ունենք միասին ապրելու կամք: Միասին, միասնաբար մենք կարող ենք առերեսվել այսօրվա և գալիքի մարտահրավերներին. սա է այն գաղափարը, որ ֆիլմը փորձում է փոխանցել: «Մարդ»-ը մասնիկն է այն ընդհանուր տրամաբանության, որն իր շուրջն է համախմբում նախաձեռնությունները, համայնքային և մարդասիրության ռեսուրսները, բնապահպանական և սոցիալական ոլորտը:

6. No word for worry / Անհանգստացնող ոչ մի բառ (Նորվեգիա, 2014)

Հուկը մեծացել է` օվկիանոսը համարելով իր աշխարհը. նա անհետացող աշխարհի ծովային թափառականն է: Շշմեցնող լուսանկարչի հետ այս մրցանակակիր վավերագրությունն ուղեկցում է Հուկին էպիկական ճանապարհորդության սոցիալական աստիճանների վարից դեպի Մյանմարի առափնյա Մոկյան շրջանի ամենասիրտը: Ավելին, քան սեփական մշակույթը փրկելու որոնումներ. նրա առաջ ի հայտ են գալիս ինքնության համընդանուր հարցերը՝ սեր, կորուստ և պատկանելիություն:

7. Oil & Water / «Նավթ և ջուր» (ԱՄՆ, 2014) 

«Նավթ և ջուր» ֆիլմը երկու տղաների մասին պատմող իրական պատմություն է, որոնցից յուրաքանչյուրը դիմագրավել է աշխարհի ամենաթունավոր աղետներին: Հուգոն և Դեյվիդը ծնվել են նավթամուղի հակառակ բևեռներում: Հուգոն գալիս է Ամերիկա՝ պայքարելու էկվադորյան Ամազոնի Քոֆան ցեղախմբի համար, իսկ Դեյվիդը մեկնում է Էկվադոր՝ հիմնելու նավթը որպես «արդար առևտուր» հավաստող առաջին ընկերությունն աշխարհում: Ճանապարհորդությունն ուղղորդում է նրանց բացահայտելու, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում, ոչ միայն Քոֆան ցեղախմբի, այլև բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ծնվել են նավթը ոտքերի տակ:

8. Second Wind / Երկրորդ շնչառություն (Ռուսաստան, 2012)

Երկիր մոլորակն այլևս անմարդաբնակ է, չկա օդ` շնչելու, չկա ջուր` խմելու համար: Բայց այս մեռյալ իրականության մեջ անապատում երբեմն հայտնվում են տարօրինակ մետաղյա ծաղիկներ: Կարծես ինչ-որ մեկը հուսահատ փորձ է կատարում վերականգնելու համար անվերադարձ կորսված բնությունը:

9. The wisdom to survive / Գոյատևելու իմաստությունը (ԱՄՆ, 2014)

«Գոյատևելու իմաստությունն» ընդունում է գիտնականների որոշումը, որ կլիմայական փոփոխություններն արդեն ժամանել են, և հարցնում է, թե ինչն է մեզ գործողություններից հետ պահում: Ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են անսահման զարգացումն և ագահությունը վնասել մոլորակին կյանք տվող համակարգը, հասարակության սոցիալական կմախքը և միլիարդավոր մարդկանց կյանքեր: Արդյոք կունենա՞նք գոյատևելու իմաստություն: Ֆիլմը հիմնված է գիտության առաջնորդների և ակտիվիստների մտքերի վրա` տնտեսագիտորեն քննարկելով, թե ինչպես է հնարավոր զարգացնել և գործել կլիմայական կազմալուծման դեմ: Նրանք կոչ են անում բացել մեր ներաշխարհը շրջապատի գեղեցկության առաջ և նպաստել դրա բարգավաճմանը:

10. Wildless / Անվայրի (Շոտլանդիա, 2015)

Մենք կորցնում ենք վայրի բնությունը, բայց կա՞ արդյոք ինչ-որ անհետացող բան արմատացած մարդկային հոգեբանությունում. ողջ մնալու կարևոր և անքակտելի մի մասնիկ: Մարդիկ ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում քաղաքներում, հեռուստացույցի առաջ, համակարգիչների և հեռախոսների հետ, ժամանակակից կյանքի թվային հաղորդակցումն ու փորձառությունը խզում է մեր անմիջական կապը վայրի բնության հետ: Ի՞նչ տեղի կունենա, եթե վերահաստատենք այդ կապը, արմատականորեն հետ տանք մեր գիտակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել