Araratnews.am-ը գրում է.
Հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին: Ողբերգական այս պատահարը պատճառ դարձավ, որպեսզի մի շարք երկրներ դադարեցնեն չվերթները դեպի Եգիպտոս: Մասնավորապես Նիդեռլանդները, Ֆրանսիան դադարեցրեց թռիչքները դեպի եգիպտական Շարմ էլ Շեյխ։
Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, եւ որքանով է ողբերգական դեպքն իր ազդեցությունն ունեցել հայերի վրա, նախընտրում են արդյո՞ք մեր հայրենակիցներն իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում:
Araratnews.am-ի հետ զրույցում «Սքայ տուր » տուրիստական ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Միրաքյանն ասաց, որ համաշխարհային մի շարք ավիափոխադրողներ հրաժարվել են ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Եգիպտոս: «Քանի որ մենք չունենք հայկական ավիափոխադրող, այլընտրանքայինը՝ եգիպտական փոխադրողն է, որն իրականացնում է ուղիղ չվերթ որեւցե եգիպտական օդանավակայանից դեպի Զվարթնոց, եգիպտականները չեն մերժում փաստը, եւ այն իրականացնում է, քանի որ վստահ են, որ կարող են ապահովել անվտանգ չվերթ: «Սքայ տուր» կազմակերպությունը, ելնելով մեր քաղաքացիների անվտանգությունից, այդ լուրը լսելուց հետո չի իրականացնում չվերթներ»,- ասաց Ալեքսանդր Միրաքյանը: Նրա խոսքով ողբերգական վթարից հետո, շատ քաղաքացիներ, ովքեր նախապես գնել էին տոմսեր դեպի եգիպտական քաղաքներ՝ Ամանորը դիմավորելու համար հետ են վերադարձնում փաթեթները: «Եգիպտացի մեր գործընկերներն իրենց հերթին ասում են, որ ամեն ինչ նորմալ է, բայց փաստը մնում է փաստ, որ համաշխարհային ամբողջ մամուլն է գրում այդ մասին: Հուսանք, որ այս ամենն արագ կկարգավորվի»,- ասաց Միրաքյանը, կարծիք հայտնելով որ ամեն դեպքում հայաստանցիները նախընտրում են իրենց հանգիստը վայելել ծովափնյա Եգիպտոսում:



