Վերջին մի քանի քննադատական գրառումներից հետո ուզում եմ մի հատ էլ դրական ու գովացող գրառում անել։ Չնայած վատատեսների պատկերացումներին՝ մեր թերի էստրադայում կան նաև դրական կողմեր, և այդպիսի դրական կողմերից մեկը ներդաշնակ ու իրար սազող ընտանեկան զույգերն են, որոնցում ամուսիններից մեկը կամ երկուսն էլ հանդիսանում են շոու բիզնեսի ներկայացուցիչ։ Ձեզ եմ ներկայացնում այդպիսի 10 ամենաներդաշնակ զույգերին, որոնք կարող են օրինակ ծառայել ուրիշների համար։

10. Արևիկ Ուդումյան և Արամ Վարդևանյան

233

Չնայած նրան, որ Արևիկի ու Արամի մեջ կա տարիքային տարբերություն, որը ստանդարտ չէ հայկական ընտանիքի մոդելի համար (Արևիկը մի քանի տարով մեծ է), բայց այս զույգից ճառագող դրական էներգետիկան ու սերը ոչ միայն չեղարկում են այդ հանգամանքը, այլև ստեղծում են ներդաշնակության հրաշալի մթնոլորտ։ Ի դեպ, Արամը ոչ մի կապ չունի շոու բիզնեսի հետ ու զբաղվում է իրավաբանությամբ։

9. Արամե և Աննա Թովմասյան

Արամեի ու Աննայի ընտանեկան զույգից այնպիսի հանգստության ու հարմարավետության էներգետիկա է բխում, որ մարդ էսթետիկական հաճույք է ստանում՝ նրանց կողքից հետևելով։ Երիտասարդ, գեղեցիկ ու դրական այս զույգն անգամ իր հայացքով ու կեցվածքով կասկած չի թողնում, որ իրենց հարաբերություններում հարմոնիան ու հաշտությունն են գերիշխում։

8. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան

Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքը հանգիստ կարելի է դասել օրինակելի ընտանիքների շարքին, ընդ որում՝ ոչ թե զուտ շոու բիզնեսի աշխարհում, այլ առհասարակ։ Հրաշալի ու դրական զույգ, հրաշալի ու խարիզմատիկ երեխա, միմյանց փոխլրացնող արտաքնային տարբերություն և հոգևոր մտերմություն. այսպիսի պատկեր է տեսնում Գրիգորի ու Հռիփսիմեի ընտանիքին ակնդրող մարդը։

7. Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան

Սյուզան Մարգարյանի ու Հրաչյա Հարությունյանի ընտանեկան միությունն ամենաերկարակյացներից մեկն է մեր շոու բիզնեսում։ Սյուզան Մարգարյանի վառ անհատականությունն իդեալական կերպով փոխլրացնում է Հրաչյա Հարությունյանի համեստությանն ու զուսպ բնավորությանը, և զարմանալի չէ, որ այս հրաշալի ու ներդաշնակ ընտանիքում մեծացել է Սիրուշոյի պես դրական և հաճելի անհատականություն։

6. Հասմիկ Կարապետյան և Շանթ Կիզմիրյան

Հասմիկ Կարապետյանը, լինելով շատ թեթև ու անգամ եթերային կերպար և վառ անհատականություն, կարծես թե կարողացել է իդեալական համապատասխանություն գտնել իր համար՝ ի դեմս իր ամուսին Շանթ Կիզմիրյանի։ Դժվար է ասել, որ նրանք արտաքնապես իրար նման են, բայց սա այն հազվադեպ զույգերից է, որ անգամ վիզուալ ուսումնասիրելիս քեզ չի լքում այն զգացողությունը, որ նույն հոգու երկու կեսերն են երկու տարբեր մարմիններում։ Շատ դրական ու ներդաշնակ զույգ է։

5. Սարգիս և Մանո Գրիգորյաններ

Մանոյի հետ ամուսնությունը երկրորդն է Սարգսի կյանքում, ու սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել, որ արդյունքները ծածկում են բոլոր անհարթությունները։ Սարգիսն ու Մանոն համերաշխ ու փոխլրացնող զույգ են, իսկ նրանց միության դրական ու երջանիկ լինելու փաստի ամենավառ ապացույցը նրանց երկու փոքրիկ դստրիկներն են, որոնք մեկը մյուսից հրաշք են։

4. Միշո և Սոնա

Դժվարանում եմ ասել, թե որքանով է ներդաշնակությունն իշխում այս զույգի ներքին հարաբերություններում, բայց որ Միշոն ու Սոնան արտաքնապես ամենահարմոնիկ ու գեղեցիկ զույգերից մեկն են մեր շոու բիզնեսում, կասկածից վեր է։ Մյուս կողմից, Միշոյի նման էքսցենտրիկ ու ինքնահավան կերպարի կողմից այնպիսի քնքուշ դրսևորումներն իր կնոջ հասցեին, որոնք նա անում է տարբեր հրապարակային միջոցառումների ժամանակ, շատ բանի մասին են խոսում։

3. Արամո և Էմմա Պետրոսյան

Գուցե նրանք ամենագեղեցիկ տղամարդն ու կինը չեն, գուցե նրանք ամենաէպատաժային զույգը չեն, գուցե նրանց ավելի քիչ են ուշադրություն դարձնում լրատվամիջոցները, բայց մի բան ակնհայտ է. այս զույգն այնքան ներդաշնակ է և այնքան է թրծվել տարիների ընթացքում, որ այսօր անհնար է նրանց պատկերացնել իրարից առանձին։ Նույնիսկ երբ ուզում ես հիշատակել նրանցից մեկին, ակամայից առաջին բանը, որ գալիս է մտքիդ, «Արամոն ու էմման» արտահայտությունն է։

2. Սուրեն Փահլևանյան և Յանա Դանիելյան

Ռուսական հայտնի խոսքը թարգմանաբար հնչում է այսպես. «Մարդ ու կին՝ նույն սատանան»։ Հայերենում էլ են ասում նման մի բան. «Այր ու կին՝ մեկ մարմին»։ Իմ կարծիքով՝ այս զույգի պարագայում այսպիսի ձևակերպումը խիստ տեղին է։ Նրանք նման են բնավորություններով ու խառնվածքով, նրանք փորձում են նույնիսկ հագնվելու ոճերն իրար համապատասխանեցնել ու անգամ նույն դաջվածքից ունեն։ Գուցե Սուրենի ու Յանայի մասնագիտական գործունեությունը ոմանց դուր գա կամ էլ չգա, բայց այն, որ նրանք իրար համապատասխանող ու ներդաշնակ զույգ են, աքսիոմատիկ իրականություն է։

1․ Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան

Ամենայն ազնվությամբ եմ ասում, իրար ավելի համապատասխանող, ներդաշնակ ու փոխլրացնող զույգ ես մեր շոու բիզնեսում չգիտեմ։ Նրանք իրար համապատասխանում են բացարձակ բոլոր հնարավոր ու անհնար պարամետրերով. թե՛ արտաքնապես, թե՛ ոճային, թե՛ բնավորության տեսանկյունից, և անգամ իրենց ռաբիսության մեջ նրանք իրար փոխլրացնում են։ Ասենք, անգամ իրենց երեխայի մկրտության օրը Հռիփսիմեն իր հագուստն ընտրել էր Մարտինի «չարոխներին» համապատասխան, ու դա վերջն էր։ Ամեն դեպքում չեմ ուզում մեր շքերթում առաջատարների մասին վատ նոտայով ավարտել։ Ի վերջո, այս աշխարհում գրեթե ամեն ինչ հարաբերական է ու սուբյեկտիվ, իսկ սերն ու ամուր ընտանիքը հավերժ արժեքներ են, և այս զույգը կարող է պարծենալ երկուսով էլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել