Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան փողոցի թիվ 29/3 հասցեի երկաթե թիթեղներով պատված տանիքում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը` Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ` 1 մարտական հաշվարկով:

Փրկարարաներն ու ոստիկանները թիթեղյա տանիքի վրա հայտնաբերել են Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Շամո Աստվածատրյանի դին: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանն ու քննիչ Խորեն Բալասանյանը: Փաստի առթիվ Լ. Լևոնյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ Շ. Աստվածատրյանը հանկարծամահ է եղել տանիքի վրա, կամ` հոսանքահարվել է, քանի որ տանիքի վրա անփույթ ձևով անցնում են էլեկտրալարերը և մի քանի հոգի նշում էին, որ տղամարդը կպել է լարերին, ինչից հետո ընկել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ նշված տարածքում զբաղվում են ճագարաբուծությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել