20 տարի առաջ այս օրը վերագործարկեցինք Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը՝ 440 մեգավատ հզորությամբ։ Դա Հայաստանի քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական ինքնուրույն հաղթանակն էր։ ԱԷԿ-ը փակվել էր 1989-ին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի դիմումի հիման վրա։ Դրա համար հիմք էր ծառայել սովետական մի քանի սուտի գիտնականի դիմումը, իբր թե այն գտնվում է երկրաբանական ճեղքվածքի վրա։ Առանց խորանալու փաստերի մեջ տեղի մի շարք «գիտնականներ» նույնպես դրան տոն էին տվել։ Անմասն չէին մնացել որոշ քաղաքական գործիչներ։ Եվ ահա անհավանական աշխատանքի արդյունքում այն վերագործարկվեց։ Միկրոսեյսմիկան ապացուցեց. այն ոչ մի ճաքի կամ ճեղքի վրա չի գտնվում։ Ատոմակայանը պարզապես կայան չէ։ Դա տեխնոլոգիա է, միջուկային, անվտանգության երաշխիք։ 20 տարում արտադրվել է ավելի քան 30 մլրդ կվտ էլ-գիա, շուրջ 3 մլրդ դոլարի։ Դա մի տեխնոլոգիա է, որ ունենք մենք, և չունեն մեր հարևանները։ Դա մեր երկիրը ոչ թե վտանգավոր է դարձնում, այլ հակառակը՝ ապահով։ Իհարկե, եթե շահագործման կարգապահությունը բարձր լինի։ Ուզում եմ հիշել դրա բացման մեր երախտավորներին. Միրոն Շիշմանյան (նախարար), Սեպուհ Թաշճյան (պետնախարար), Վիգեն Չիթեչյան (պետնախարար), Գագիկ Մարկոսյան (գլխ ինժեներ), Աշոտ Սաֆարյան (արդյունաբերության նախարար), Սուրեն Ազատյան (տնօրեն), Արմեն Աբաղյան (Ռոսէներգոատոմ), Ժակ Փանոսյան (Ֆրամատոմ), Ասատուր Հաճյան (Բեխտել ԱՄՆ), Ֆրիդրիխ Առաքելյան (Հայէներգոսեյսմոնախագծի տնօրեն), Ռ.Նազինյան (Հայհիդրոէներգաշին), Աշոտ Մարտիրոսյան (Պետատոմհսկողության պետ), Վահրամ Պետրոսյան (ընդունման հանձնաժողովի քարտուղար), Վիկտոր Միխայլով (ՌԴ ատոմային էներգետիկայի նախարար), Վիկտոր Չեռնորմիրդին (ՌԴ վարչապետ), Լ.Ռյաբև (ՌԴ ատոմէներգոյի առաջին փոխնախարար), Բ.Անտոնով (Ռոսէներգոատոմի փոխնախագահ), Վ.Զվերև (Ռոսէներգոատոմ)։ Ինչպե՞ս չհիշեմ Ֆրանցիսկո Մուզիին (ISMES, Իտալիա), որը, զայրացած Իտալիայում անցկացված հանրաքվեից (1987-ի այս հանրաքվեից հետո Իտալիան փակեց ատոմակայանները, և տնտեսական զարգացումն այնտեղ կտրուկ անկում ապրեց), պարզապես ճամպրուկով մեզ փող (օգնություն) հասցրեց։ Հայեր, պահպանեք ատոմակայանը։ Արդեն նորն է պետք կառուցել։ Անկախ ավանդական էներգետիկայի զարգացման մակարդակից համակարգում մեզ միշտ ատոմակայանի պես կայուն հզորություն է պետք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/968893476501504?notif_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել