Եգիպտոսի տարածքում կործանված ռուսական A 321 ուղևորատար ինքնաթիռի կործանման և դրա 217 ուղևորների ու անձնակազմի 7 անդամների զոհվելու մասին լուրն իսկապես մեծ արձագանք գտավ ամենուր, այդ թվում նաև Հայաստանում: Սարսափելի ողբերգությունը վշտակցության ալիք բարձրացրեց նաև մեր երկրում ու կրկին հիշեցրեց Երևան-Սոչի չվերթի օդանավի կործանման հանգամանքները: «Կոգալիմավիա» ընկերության կողմից շահագործվող ինքնաթիռի կործանումը տեղի ունեցավ թռիչքի 23-րդ րոպեին. բավական տարօրինակ հանգամանքներում ինքնաթիռն օդում տրոհվեց մասերի: Մասնագետների կարծիքով կա երեք հիմնական վարկած. ինքնաթիռը կարող էր ենթարկվել արտաքին ազդեցության (օրինակ՝ հրթիռի միջոցով խոցված լիներ), կարող էր դառնալ ներսում տեղադրված ռումբի պայթյունի զոհը և, վերջապես, կործանվեր մարդկային գործոնի ազդեցությամբ (օրինակ՝ անձնակազմի կողմից թույլ տրված սխալի արդյունքում): Կա նաև չորրորդ վարկածը, որի համաձայն՝ ինքնաթիռը կործանվել է նախկինում ունեցած վթարի հետևանքները ժամանակին լիարժեքորեն չվերացնելու հետևանքով: Ողբերգությունից հետո շատ չանցած՝ Իսլամական պետության ներկայացուցիչների կողմից հայտարարություն տարածվեց, թե, իբր, ռուսական A 321-ն իրենց կողմից կազմակերպված ահաբեկչության արդյունքում է խփվել: Այնուհետև «Կոգալիմավիա» ընկերության ղեկավարներից մեկը հանդես եկավ ինքնաթիռի կործանումն արտաքին միջամտության հետևանք հանդիսանալու մասին հայտարարությամբ: ՌԴ պաշտոնական ներկայացուցիչներն ու փորձագետներն անհավանական համարեցին արտաքին միջամտության վարկածը, իսկ տեղում աշխատող փրկարարները տեղազննում իրականացնելիս կործանված օդանավի բեկորների վրա պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերել, ինչը նաև հիմք է տալիս նրանց ասելու, որ օդանավի ներսում ևս պայթյուն չի եղել: Քանի որ անձնակազմը տագնապի ազդանշանը չի միացրել, մասնագետները ենթադրում են, որ աղետի պահին օդաչուներն անգործունակ կամ մահացած են եղել, իսկ աղետն ինքը վայրկենապես է տեղի ունեցել: Այս ամենը տրամաբանորեն հանգեցնում է այն եզրակացության, որ օդանավն օդում թռիչքի պահին ակնթարթորեն մասերի է բաժանվել ու ընկել գետին մոտ տաս հազար մետր բարձրությունից: Այս վարկածը ոչ միայն ճշմարտանման է, այլև քաղաքական առումով է առավել հարմարը. բանն այն է, որ ահաբեկչության ցանկացած տարբերակ կկապվեր Ռուսաստանի իշխանությունների կողմից Սիրիայում ԻՊ գրոհայինների դեմ պատերազմական գործողություններ սկսելու որոշման հետ և կներկայացվեր որպես վրեժխնդրություն: Այդ դեպքում օդանավի կործանման համար պատասխանատվությունը ևս մասնակիորեն կդրվեր ՌԴ իշխանությունների, անձամբ նախագահ Պուտինի վրա, ինչն անհնար կլինի անել, եթե պարզվի, որ A 321-ը կործանվել է տեխնիկական պատճառներով: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ դատելով ի հայտ եկած որոշ հանգամանքներից՝ օդանավում արտակարգ իրավիճակ է եղել դրա անմիջական մասնատմանը նախորդած առնվազն երկու-երեք րոպեների ընթացքում: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ մինչև մասնատվելն օդանավը նախ արագ գահավիժել է մոտ հազար մետր, ապա կրկին վեր խոյացել ավելի քան հազար մետրով, որից հետո միայն սկսել է մասնատվելով վայր ընկնել: Այս կարգի գործողությունները ցույց են տալիս, որ ինչ-որ արտակարգ բան էր տեղի ունենում, սակայն անձնակազմը կամ ինչ-որ մեկն այդ ընթացքում դեռևս կառավարելիս է եղել ինքնաթիռը, և մինչև այս մանևրների բացատրությունը չտրվի, տեխնիկական անսարքության վարկածը համոզիչ ճանաչվել չի կարող: Ի դեպ, նշածս վայրիվերումների մասին տեղեկատվությունն այլևս կարծես չի հնչեցվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/1086270758050502
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել