Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին:

Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Շնորհավորելով Հայաստանում Նորին Գերազանցություն Թագուհու դեսպանին նշանակման կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ դինամիկ զարգացում ապրող համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Պաշտպանության ռազմավարական վերանայման, պաշտպանական բարեփոխումների իրականացման գործընթացում բրիտանական կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:

Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ բրիտանական կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում և պատրաստակամ է աջակցելու այդ համագործակցության զարգացմանը մի շարք նոր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել