Ժամանակակից լրագրությունն այն տեսքով, որը մենք տեսնում ենք Հայաստանում, ապագա չունի։ Լուրերի ու բամբասանքների վրա կառուցվող լրահոսով ստեղծել բիզնես մոդել լրատվական կայքի համար հնարավոր չէ։ Կամ պետք է մտնես քաղաքական հրմշտոցների ու կեղտի մեջ, կամ պետք է ստեղծել մի այնպիսի պրոդուկտ, որը չի տալիս ոչ մեկ։
Առաջին տարբերակն ուշ թե շուտ կմեռնի. ակտուալ լրագրությունը կմեռնի տեղեկության անասալի հասանելիության պատճառով։ Ինչ պատահեց, որտեղ պատահեց, ինչպես պատահեց, ինչ հանգամանքներում. այս ամենը հարցեր են, որոնք իմաստ չունեն նույնիսկ տալու, քանի որ պատասխանները գալիս են ու կգան ավելի ու ավելի արագ, նախքան ընթերցողի ուղեղում ձևավորվի հարց, թե այդ ինչ է տեղի ունեցել։
Լրագրության ապագան գալիս է երկրորդ տարբերակի հետ մեկտեղ. պրոդուկտ, որը ոչ ոք չի տվել մինչ քեզ, պրոդուկտ, որն իրենից ներկայացնում է իրադարձությունների բարդ համակարգի համաձուլում, օրինաչափությունների մատնանշում ու մեծ պատկերի ծամում ու համակարգված ձևով մարդուն ներկայացում։ Դա է #BigData-ի հետ աշխատանք, որը ոչ թե հուշի, թե ով մեռավ, իսկ ով ծնվեց, այլ բացատրի՝ բացի հիմնական ծնվողից ու մեռնողից ովքեր են նույնպես ծնվել կամ մեռել, երբ, ինչպես, ինչ է դա նշանակում, ինչ սպասել ու ամենակարևորը՝ ինչպես հասկանալ շուրջը տեղի ունեցող կյանքն ավելի հեշտությամբ։
Կյանքը հասկանալու ու դրան մասնակից լինելու մոլուցքն է ստիպում մարդկանց հետևել լրահոսին՝ վախենալով, որ կյանքն իրենց կողքով անցնում է, իսկ իրենց բանից տեղյակ չեն։ Կյանքում ավելի կայուն տեղ գրավել, վտանգներից ապահովված լինել՝ սա է պատճառը, որ մարդն օգտվում է իր առաջ գտնվող փոքր պատուհանիկից, որն է համակարգիչը, հեռախոսը, հեռուստացույցը կամ թերթը։
Տվյալների լրագրությունը նոր ժամանակների ամենահետաքրքիր ու անխուսափելի արդյունքն է։ Տվյալների լրագրությունը նույնպես պետք է զարգանա հասարակությանն ընդառաջ։ Շատ առաջ կվազես, քեզ ոչ ոք չի կարդա ու չի ընկալի, քանի որ կտաս արդյունք, որին հասարակությունը դեռ պատրաստ չէ։ Ցավոք, մեզ մոտ հասարակությունը դեռևս ունի կարիք շարքային բամբասանքի։ Բամբասանքով լի թերթերը դեռևս գնում են։ Դրանք միշտ կլինեն, բայց ունիկալ պրոդուկտ տվողները պետք է ձևավորվեն ու աշխատեն։ Այդ ունիկալ արդյունքը պետք է լինի վճարովի։ Որակյալ բովանդակություն ստանալու համար պետք է վճարեն ու կվճարեն, քանի որ ավելի լավ կբացատրես աշխարհում տեղի ունենալիքը, քան բոլոր բամբասանքներով լի, սրանից-նրանից փողեր վերցնող ու այլոց դեմ գրող բոլոր թերթերը՝ իրար հետ վերցրած։
Հ.Գ. http://www.bloomberg.com/…/…/2015-11-02/china-s-money-exodus
«Բլումբերգի» վերլուծաբանների կատարած անհավանական հսկա աշխատանքն այն մասին, թե ինչքան ներդրում է կատարվում չինացիների կողմից աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես՝ որքան անշարժ գույք է գնվում, որքան է դա ազդում աշխարհում անշարժ գույգի գների վրա, ու ամենակարևորը՝ ինչպես են ու ինչ մեխանիզմներով են չինացիները շրջանցում պետությունից գումարների արտահոսքի դեմ ուղղված արգելքները։ Հայկական լրատվական դաշտում նման ծավալի աշխատանք չեմ տեսել դեռ ոչ մի անգամ ոչ մի լրատվականի կողմից։