Tert.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03։10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի  տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ  «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող  ավտոբուսի  վթարի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունում կատարվում է նախաքննություն։ Ավտոբուսը  ոչ կանոնավոր  ուղևորափոխադրում էր  իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ։

«Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:  Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Ըստ նախարարության տեղեկատվության՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ  Բեգլարյանն  անմիջական   կապի մեջ է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ։

«ՌԴ տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ իրավիճակը գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո։

Հիվանդանոցներում վիրավորներին  համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում լավագույն բժիշկները։  Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, մյուսների, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների կյանքին  վտանգ չի սպառնում։

Ստեղծված են համապատասխան պայմաններ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի նաև վթարից տուժածների հարազատների տեղափոխումն ու դիմավորումը։

ՌԴ առողջապահության նախարարությունից ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցած տեղեկության համաձայն՝ ավտովթարի հետևանքով տուժել է 48 մարդ, այդ թվում 17-ամյա  մեկ պատանի։ Զոհվել է 8 մարդ, որոնցից 5-ը՝ տեղում, 1-ը շտապօգնության մեքենայում, 2-ը՝ Ուզլովի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Տեղական ժամանակով ժամը 14.00-ի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում վթարից տուժած 32 մարդ, 8 մարդ բուժօգնություն է  ստացել ամբուլատոր պայմաններում։
Այլ մանրամասներ լինելու դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում է շուտափույթ ապաքինում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել