Ազգաբնակչության մի զգալի մասը տարին բոլոր պարտքերի մեջ է, տարին բոլոր բանկերից ու բանկերի տոկոսների տակից դուրս չի գալիս. մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում. «թարսի պես» էլ ոսկու կուրսն անընդհատ ընկնում է: Ամենաթշվառ վիճակում գյուղերն են ու գյուղաբնակները: Իսկ սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասողները պնդում են, թե գյուղերում մարդիկ սահմանադրությանը դեմ են միանշանակ: Դիցուք, ընդունենք, որ մարդիկ այնտեղ այնքան ժամանակ ունեն, որ հասցրել են անգամ չբաժանված սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարդալ ու տրամադրված են «Ոչ» ասելու, բայց ներկայիս թշվառության պայմաններում, երբ մարդիկ հսկայական պարտքեր ունեն գյուղերում, երբ կախման մեջ են գյուղապետից ու խանութպանից, «լույսի մարդուց», «ջրի մարդուց», ո՞վ նրանց թույլ կտա «ազատ կամքի դրսևորում» ցուցաբերել, կամ այդ մարդկանց ինչպե՞ս խորհուրդ տալ, թե «զերծ մնացեք կաշառք վերցնելուց», երբ օրախնդիր հոգսերի մեջ են թաղված վերջիններս, ու թունելի վերջում էլ լույս չի երևում: Իսկ ընտրակաշառքն էլ, որպես կանոն, նման դեպքերում առձեռն չի տրվում, այլ պարզապես պարտքերը «ջրվում» են: Ժողովուրդն ինչպե՞ս կարող է հույսը դնել քաղաքական գործիչների վրա, եթե նրանց տարվա մեջ լավագույն դեպքում կարող է մեկ անգամ տեսնել, իսկ գյուղապետից կամ «լույսի մարդուց», «խանութպանից» մշտապես է կախված: Մարդիկ նեղված են, մարդիկ վառված են, մարդիկ հուսահատված են, իշխանության երեսը չեն ուզում տեսնել, ընդդիմությունից էլ հույս չունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել