«Դոմինո»
Մհեր, Ռիփփի, Սոս, Արա
Հոյակապ բառը շատ քիչ է, որ արտահայտեմ զգացողությունս այս սիթքոմի վերաբերյալ: Մհերը, չնայած որ ԱրմՔոմեդիի աղն էր, սիթքոմում ապացուցեց, որ տաղանդավոր դերասան է ու նաև սիրված կերպար: Ռիփփին, չնայած իր մի քանի վայրկյանանոց դերին, այնքան հիասքանչ է, որ ապահովում է սիթքոմի գեղեցկությունը: Սոսը ցնցեց, Արան իմ սիրելի դերասանն է և սիթքոմում ապահովեց հայությունը: Սցենարիստն աշխատում է այնպես, որ ես անընդհատ սպասում եմ հաջորդ սերիային:
«Ֆուլ հաուս»
Անցյալ տարի «Ֆուլ հաուսը» խեղճացրեց զուգահեռ ընթացող սիթքոմին, այս տարի բոլորը մտածում էին, որ այն կհայտնվի նույն կարգավիճակում, բայց իրականում, ի ուրախութուն ինձ, այն հավասարազոր սպասելի է նաև այս եթերաշրջանում: Էվա և Ադրիանա, հիանալի նորամուծություն, նորություն և թարմություն։ Էվայի կերպարը շատ ճիշտ է ինտեգրված սիթքոմում, իսկ Ադրիանային ես այսօր համարում եմ Հայաստանի ամենագեղեցիկ դերսանուհիներից մեկը, եթե ոչ՝ ամենագեղեցիկը, համենայնդեպս, եթե նա մասնակցեր իմ կազմակերպած գեղեցկության մրցույթին, ապա անկասկած կարժանանար հաղթողի տիտղոսին: Ցավալի է միայն, որ կրճատվել են Մոսոյի կերտած կերպարի րոպեները սիթքոմում: Անցյալ տարի ես ասել եմ, որ Մոսոյի կերպարն անփոխարինելի է սերիալում: Գարիկը ևս իր բարձրության վրա է: Դե սերիալի ակսակալները ևս էնտուզիազմով չեն զիջում նորեկներին:
«Ընտանյոք հանդերձ»
Կարծես թե հավաքել են աստղաբույլ, ասեմ ավելին՝ տաղանդավոր աստղաբույլ, բայց թող ոչ մեկ չնեղանա՝ ներգրավել են Թամարա Պետրոսյանին՝ իմ կարծիքով երիտասարդ ամենատաղանդավոր դերասանուհուն: Բա այսքանից հետո կարելի՞ է արդյոք այսքան անտաղանդ սցենարով նկարահանվել: Այսքան անիմաստ սիթքոմ պատկերացնել չէի կարող: Փոխեք սցենարիստին, դերասանները լավն են:
«Առաջնորդները»
Ես ոչ մի սերիա դեռ բաց չեմ թողել: Չնայած այն բանին, որ Ալեքսանդր Խաչատրյանից բացի որևէ մի դերասանի խաղը չեմ կարող չարժանացնել որևէ գնահատանքի, առայժմ սցենարիստը պահում է լարվածությունը: Մի քանի կիքսեր անտեսում եմ ու հույս ունեմ, որ այս շաբաթ ևս կդիտեմ սերիալը:
«Բանակում»
Այնքան լավն է, որ կրկնությունը դիտում եմ արդեն երրորդ անգամ։
«Ուրիշի հոգին»
Աննա Գևորգյանի՝ սերիալից դուրս գալուց հետո սերիալը չեմ դիտում։