ՀՀ նոր Սահմանադրությունը եթե հանրաքվեով ընդունվի, ապա Հայաստանը կդառնա տարածաշրջանում ամբողջովին խորհրդարանական կառավարման համակարգով միակ պետությունը: Ոչ բարով հարևան Թուրքիան մինչ այդ տարածաշրջանում միակն էր որպես այդպիսին, սակայն 2007 թ հանրաքվեով կատարվեցին սահմանադրական փոփոխություններ և այժմ կիսանախագահական կառավարման համակարգով հանրապետություն է: Հարևան Վրաստանում թեպետ նախագահի լիազորությունները բավական սահմանափակ են, այնուամենայնիվ կիսանախագահական է: Ուսումնասիությունները ցույց տվեցին, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեն եվրոպական 21 պետություններ և նման կառավարման ձևը առավելապես տարածված է Եվրոպայում: 
Եվրոպայում խորհրդարանական կառավարման ձև ունեն՝ Ավստրիան, Ալբանիան, Հունաստանը, Բուլղարիան, Իտալիան, Էստոնիան, Իռլանդիան, Իսլանդիան, Գերմանիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Չեխիան, Խորվաթիան, Մալթան, Լիտվան, Լատվիան, Սերբիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Սլովենիան և Սլովակիան: Մի շարք պետություններ էլ թեպետ սահմանադրական միապետություններ են, սակայն անմիջական ղեկավարումը իրականացվում է վարչապետի կողմից, ով հաշվետու է խորհրդարանին:
Ասիական երկրներից են՝ Իսրայելը, Հնդկաստանը, Նեպալը, Սինգապուրը, Բանգլադեշը, և Իրաքը: Թեպետ որքան էլ որ նշված ցանկում տնտեսապես զարգացած երկրների թիվը մեծ է, սա դեռ փաստ չէ, որ այս մոդելը կատարյալ է: Պետք է գիտակցել մեկ կաարևոր բան: Ազգային անվտանգության տեսանկյունից այս կառավարման ձևը իրեն ավելի է արդարացնում, քանի որ փաստացի իշխանությունը չի կենտրոնանում միայն մեկ անձի ձեռքում, սակայն եթե երկրում չկա պետականամետ գիտակցություն, պետական շահով առաջնորդվող քաղաքական գործիչներ և կուսակցություններ, ապա ամենալավ կառավարման ձևն անգամ չի կարող լուծել առաջնահերթ խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել