Հասարակության որոշ անդամներ սիրում են օգտագործել քաղաքագիտական տերմիններ՝ երբեմն անգամ դրանց իմաստը չհասկանալով: Հաճախ կարելի է հանդիպել «պոպուլիզմ» եզրույթին:
Պոպուլիզմը (լատ. populous-ժողովուրդ) քաղաքական դիրքորոշում է կամ ժողովրդական լայն զանգվածներին կոչ անող հռետորաբանության ոճ:
Պոպուլիզմը գաղափարախոսություն կամ հստակ համակարգային ուղղորդված քաղաքական տեսություն չէ, այլ ընդգծված քաղաքական և գաղափարախոսական սինդրոմ, որ պայմանավորված է որոշակի քաղաքական շահերով, որոնք ունեն հստակ էլեկտորատի և կուսակացական աջակցության կարիք:
Պոպուլիզմի հիմքում ընկած է այս կամ այն քաղաքական ուժի ձգտումը՝ նվաճելու զանգվածների աջակցությունը, ժողովրդին դուր գալը: Դրա հետ միաժամանակ պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները (պայքար իշխանության համար, հարստացում և այլն), որպես կանոն, քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով:
Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են՝ շեշտադրելով հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերը:
Նշված ուղղությունը կարող է նաև հիմնված լինել ռասիզմի և կրոնական ծայրահեղականության գաղափարների վրա: Շատ պոպուլիստներ իրենց ներկայացնում են որպես առանձին տարածաշրջանների կամ առանձին սոցիալական խմբերի պաշտպաններ, օրինակ՝ աշխատավորների, կանանց, գյուղաբնակների, արդյունաբերության որևէ ճյուղի աշխատակիցների և այլն:
Պոպուլիզմի առավել տարածված դրսևորումների կամ, որ նույնն է, տերմինաբանության շարքերին կարելի է դասել «ուղիղ ժողովրդավարություն», «հակաժողովրդական կառավարություն», «բյուրոկրատիայի քննադատություն», «պայքար կոռուպցիայի դեմ» արտահայտությունները: Հենց նման ձևակերպումներով են, որպես կանոն, ինքնաարտահայտվում «դասական պոպուլիստները»: Սրանք այն հեշտ ու չքննարկվող թեմաներն են, որոնք հասարակական որոշակի հատվածի համար թիրախավորված քննադատվում է և հորջորջվում:
Այսպես կոչված «ժողովրդականները» հաճախ վստահեցնում են, որ սոցիալական խնդիրներն ունեն պարզ լուծումներ: Որպես լուծում առաջարկվում է պայքարն իշխանության, կոռումպացվածների և բյուրոկրատների դեմ՝ քաղաքական խմբավորումների կողմից:
ՀՀ հասարակական-քաղաքական առօրյայում, ի թիվս այլ կատեգորիաների, հանդիպում ենք վերը նշված ձևաչափում տեղավորվող արժեհամակարգի կրողների բավականին հոծ բանակի, որոնք իրականում առանց որոշակի լուրջ հենքի ցանկանում են հասարակության մեջ ստեղծել արհեստական էսկալացիոն վիճակներ և երկրում ստեղծել սուբլիմացիա:



