«Ռոսավիացիայում» խուճապային տրամադրություններ են, որովհետև, ըստ ամենայնի, Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարից հետո գլուխներ են թռնելու։ Չնայած նրան, որ առաջին ժամերին մարդկանց ուշադրությունը շեղվեց նրա վրա, որ ինքնաթիռը կարող էին կործանել իսլամիստ ծայրահեղականները, սակայն գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում է, որ գործնականում եղել է տեխնիկական անսարքությունների հետևանք, որոնք էլ իրենց հերթին հետևանք են անփութության ու Ռուսաստանում համատարած իշխող կոռուպցիայի։
Բանն այն է, որ տեխնիկական նման անմխիթար վիճակում գտնվող ինքնաթիռներն իրավունք չունեն օդ բարձրանալու, իսկ Ռոսավիացիայի տեսուչներն առավել ևս իրավունք չունեն նման ինքնաթիռները ստուգելուց հետո թույլատրել դրանց էքսպլուատացիայի շարունակելը, մինչև կապիտալ վերանորոգում չարվի, իսկ հարկ եղած դեպքում նոր ինքնաթիռներ ձեռք չբերվեն։
Փոխարենը, Ռոսավիացիան հետևողականորեն հասավ նրան, որ սնանկ ճանաչվի Ռուսաստանի խոշորագույն ու ամենահին ավիաընկերություններից մեկը՝ «Տրանսաէրոն», որը հայտնի էր իր որակյալ սպասարկումով ու նրանով, որ գոյության ողջ ընթացքում ոչ մի ինքնաթիռ չէր կորցրել։ Ընկերության ավիապարկն էլ թարմ էր ու հագեցած նոր ինքնաթիռներով։ Միևնույն ժամանակ ռուսաստանյան ավիաշուկայում առկա են բազմաթիվ ընկերություններ, որոնց ավիապարկերը լեցուն են թռչող դագաղներ հիշեցնող փլատակներով, բայց կարևորագույն այնպիսի պետական մարմինը, ինչպիսին Ռոսավիացիան է, նրանց թթու խոսք չի ասում։ Ինչո՞ւ։ Կոռուպցիա է, սըր, կոռուպցիա ու անպատասխանատվություն։
Ու հիմա, Ռոսավիացիայի հանցավոր կեցվածքի պատճառով 200-ից ավելի մարդ է զոհվել։ Ո՞վ է պատասխան տալու։ Հարցը դեռ օդում է, ու պարզ չէ, թե որքանով ինտենսիվ կպատժեն պետական այս մարմնի հաստափորներին և կպատժե՞ն արդյոք։ Պարզ է միայն, որ առնվազն քավության նոխազներ լինելու են, ու հիմա Ռոսավիացիան անսպասելիորեն հիշել է իր պարտականությունների մասին, ու ամբողջ Ռուսաստանով մեկ թռիչքներ են հետաձգվում, որովհետև ընկերության տեսուչները կրկին անսպասելիորեն հայտնաբերել են, որ բազմաթիվ ինքնաթիռների տեխնիկական վիճակը կոճակ է...
Նյութի աղբյուր՝ http://chusumnasirvacashxarh.blogspot.am/2015/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել