ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարակման ժամանակ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ 2016 թ.-ին ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին, իսկ տնտեսական աճը ՝ պայմանավորված արտաքին գործոններով՝ կլինի ավելի համեստ` ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ 12 ամսվա կտրվածքով՝ 4` պլյուս մինուսն մեկ տոկոս:

«ՀՀ 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 1 219.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1 411.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 192.4 մլրդ դրամ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ՀՀ համայնքների 2016 թվականի բյուջեները կկազմեն՝ եկամուտների գծով՝ 129.0 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 130.6 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 1.6 մլրդ դրամ:

Ըստ նրա՝ «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,183.0 մլրդ դրամի չափով, 2015 թ. համար հաստատված 1,191.5 մլրդ դրամից և 2014 թ. փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց:  «Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2016 թ. համար ծրագրվել են 1,129.0 մլրդ դրամի չափով՝ 2015 թ. համար հաստատված և 2014 թ. փաստացի համադրելի մուտքերի համապատասխանաբար՝ 1,138.7 և 1,049.0 մլրդ. դրամի դիմաց»:

«Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2016 թ. ծրագրային մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 20.7%-ը` 2015 թ. համար ծրագրային և 2014 թ. փաստացի համապատասխանաբար 23.4%-ի և 21.7%-ի դիմաց»,-նշեց Պավել Սաֆարյանը և ավելացրեց, որ գալիք տարի ՀՀ կունենա նաև տարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ներդրումներ՝ 30.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ:

«Նպատակային օժանդակություն դրամաշնորհային ծրագրերից` 35.6 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց փոխնախարարը և ավելացրեց,որ բյուջեով նախատեսվում է ավելի շատ գումարներ տրամադրել առողջապահություն և կրթությունը: 2016 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են  86,125.6 մլն դրամ:

Ծախսերի աճը 2015 թ. պետական բյուջեի նկատմամբ կազմում է 1,807.6 մլն դրամ կամ 2.1 տոկոս: 2016 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 131,939.4 մլն դրամ։ Ծախսերը 2015 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել են 6,423.5 մլն դրամով կամ 5.1 տոկոսով: 

«Պաշտպանության բնագավառի ծախսերը 2016 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 201,261.8 մլն դրամ, որից ռազմական կարիքների բավարարմանը` 193,469.8 մլն դրամ: ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծով դեֆիցիտի գումարը ծրագրավորվում է 190.0 մլրդ դրամ»,- ասաց Պավել Սաֆարյանը։

Ի դեպ, ըստ նրա՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար նախատեսվում է  իրականացնել ներքին և արտաքին աղբյուրների զուտ մուտքերի հաշվին, համապատասխանաբար` 70.1 մլրդ դրամ և 120.6 մլրդ դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել