Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Sky News Arabia հեռուստաալիքին հղումով, խոսքը ռուսական օդանավի մասին է, որում գտնվել է մոտ 200 մարդ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավն առավոտյան թռիչք է իրականացրել Շարմ էշ-Շեյխից։ 

Միջադեպի առնչությամբ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմաիլն անմիջապես դադարեցրել է իր աշխատանքային այցը։ 

«ՌԻԱ Նովոստի» կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել են ռուսական քաղաքացիական օդանավ բեկորները։ Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակել են վթարի վայրը, Էլ Արիշ քաղաքից ուղարկվել է շտապօգնության մոտ 20 մեքենա։

Հաղորդվում է, որ Շարմ էշ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավը, որում գտնվել է 217 ուղևոր` մեծ մասը՝ ՌԴ քաղաքացիներ, անհետացել է ռադարներից օդ բարձրանալուց 23 րոպե անց:

Եգիպտոսի վարչապետ Իսմաիլ Շարիֆը հաստատել է ռուսական Airbus 321 օդանավի կործանման մասին տեղեկությունը և հայտնել է հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին։

Ավելի ուշ պարզվել է, որ Եգիպտոսի օդային տարածքում անհետացած ռուսական քաղաքացիական ինքնաթիռի օդաչուն թռիչքից հետո տեխնիկական խնդիրների առաջացման պատճառով խնդրել է փոխել նախանշված ճանապարհն ու վայրէջք կատարել Կահիրեում։

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է Շարմ էշ-Շեյխի օդանավակայանի քաջատեղյակ աղբյուրը:

«Թռիչքից հետո օդաչուն կապվել է դիսպետչերի հետ ու տեղեկացրել տեխնիկական անսարքությունների մասին։ Նա խնդրել է փոխել նախանշված ճանապարհն ու արտակարգ  վայրէջք կատարել Կահիրեում, սակայն դրանից հետո կապն ընդհատվել է»,-մանրամասնել է քաջատեղյակ աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել