Այս անգամ մեր տաղանդին անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ամսագիրը` «Champions»-ը: Հոդվածը վերնագրված է` Armenia’s got talent (Հայաստանը տաղանդ ունի), որտեղ պատմվում է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Champions» ամսագիրը, հիշատակելով Հենոյի կենսագրական տվյալները, նրան անվանում է «ֆուտբոլի որդի» եւ մեջբերում կիսապաշտպանի խոսքը` «Դեռ մանուկ ժամանակ ես սիրում էի հետեւել հայրիկիս խաղին եւ շատ էի ուզում նրա հետ մարզումների գնալ: Ու երբ հայրիկն ինձ չէր տանում իր հետ, ես լացում էի դռան առաջ կանգնած: Միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին եւ շնորհակալ եմ ծնողներիս` երազանքս ի կատար ածելու համար»:
Հենրիխն ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայում խաղալը կարևոր է ոչ միայն անձամբ իր համար. «Շատ հայ ֆուտբոլիստներ չէ, որ հնարավորություն ունեն Չեմպիոնների լիգայում խաղալու: Սա շատ կարևոր է ինձ համար: Ես շատ եմ ցանկանում տպավորություն գործել երեխաների վրա, ովքեր դիտում են իմ խաղը: Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք իրենց առջև նպատակ դնեն խաղալու խոշորագույն մրցաշարերում և մեծագույն թիմերում»,- ասել է Հենրիխը:
Մխիթարյանը նաև նշել է, որ «Շախտյորն» ունակ է հաջողությունների հասնելու եվրոպական ասպարեզում, իսկ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նշել է, որ Հենրիխի հետ աշխատելը հաճույք է:
Կից նյութն` այստեղ