Կելտական արմատներ ունեցող այս տոնը կապված է հին կելտացիների ժամանակի պատկերացման հետ: Կելտերը տարին երկու ժամանակահատվածների էին բաժանում` լուսավոր և մութ: Մութ ժամանակաշրջանը սկսվում էր նոյեմբերով և նշանավորվում էր տոնով: Այս տոնին բնորոշ է երկրային և անդրշիրիմյան աշխարհների սահմանների թուլացումը. ըստ տոնի գաղափարի` հոկտեմբերի 31-ին անդրշիրիմյան աշխարհի ուժերը հայտնվում են երկրի վրա: 

Հելոուինը Հայաստանում տարեցտարի ավելի մեծ շուքով է նշվում: Մարդկանց և մեռյալ հոգիներին մերձեցնող այս տոնը հայերը դիմավորում են սարսափազդու դիմակներով ու դժոխային կերպարներով: Հայ ազգայնականները դժգոհում են, իսկ անհոգ երիտասարդությունը՝ հաճույքով ներկվում: Նշե՞լ Հելոուին, թե՞ ոչ, հարց որը չունի հստակ պատասխան, հարց, որը չի կորցնում իր արդիականությունը:

Այսօր BlogNews.am-ը փորձել է այս թեմայով փոքրիկ հարցում անցկացնել Ֆեյսբուքում:

Էմմա Հակոբյան

Ես անարբեր եմ այդ տոնի նկատմամբ։ Նշողներին էլ, չնշողներին էլ հասկանում եմ։ Դեմ եմ կատեգորիկ մեկնաբանություններին, թե նշողները քրիստոնյա չեն, դա Աստծուն դեմ բան է։ Ինքս դեռ երբեք չեմ նշել, բայց վատ բան չեմ տեսնում։

Սվետլանա Մուրադյան

Երբեք չեմ նշել, բայց նորմալ եմ վերաբերվում: Եվ բացի դրանից, այդ տեսակի տոներին չպետք է այդպես կատեգորիկ վերաբերմունք տալ, եթե որևէ մեկն ուզում է նշի, ու դա իրեն ուրախացնում է, ապա թող նշի: Անցած տարի հատուկ ուշադրություն եմ դարձրել մեկնաբանող մարդկանց: Մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվում halloween-ին, նրանց մեծ մասը Վալենտինի օրն է նշում: Երբ հարցնում ես` Վալենտին նշելն օտարամոլության նշան չէ՞, նրանք պատասխանում են, թե դա սիրո տոն է: Իմ կարծիքով Հայաստանում մարդիկ տոնահանդեսի մշակույթի մեծ կարոտ ու կարիք ունեն: Իսկ վաղը ով գնալու է և լավ ժամանակ է անցկացնելու, թող չմոռանա, որ Halloween-ը Հայաստանի հետ կապ չունի...

Զոհրապ Եգանյան

Թերևս բացասական կարտահայտվեմ այդ «տոնի» մասին։ Ամերիկյան մշակույթում երկու բան կա, որ ոչ մի կերպ չեմ հասկանում, դա Հելոուինն է և ամերիկյան ֆուտբոլը, երկուսն էլ շատ դաժան են և ոչ իմ աչքի համար հաճո։ Մի «տոն», որի առանցքում մարդ վախացնելն է, թերևս դրական լինել չի կարող, ու ես դեմ եմ, երբ մեր երկրում փորձում են այն նշել, շատ ավելի անհանդուրժող եմ դառնում, երբ գեղեղկուհիներն են իրենց տգեղացնում, շատ են շտապում, դրա տարիքն էլ կգա, դուք մեզ գեղեցիկ եք պետք))):

Գագիկ Մամուլյան

Նշել, թե՞ չնշել... այս օրերին այս հարցը դառնում է ֆեյսբուքահայության ամենաքննարկվող թեմաներից մեկը: Ես համարյա չեմ մասնակցում այդ քննարկումներին, որովհետև ինձ համար մեկ է առհասարակ, թե ով ինչպես է ապրում: Ոչ ոքի նշելուց ու չնշելուց ինձ օգուտ կամ վնաս չկա, ուղղակի ավելի լուրջ հարցեր կան, որոնց նկատմամբ մենք անտարբեր ենք ու ընկել ենք այսպիսի մանր-մունր հարցերի շուրջ: Չեմ կարծում, որ պետք է նման մեծ հնչեղություն տալ այս հարցին: Ո՛չ նշողներին եմ քննադատում, ո՛չ էլ չնշողներին գովում: Շատերը նշում են, որ հայկական տոնացույցում Հելոուինի նման տոն կա, որ կարելի է նշել ու նույն կերպ ուրախանալ, ինչու չենք նշում, ասեմ, որ փաստորեն Հելոուինի ջատագովներն ավելի լավ են աշխատում պարզապես: Եթե այդքան կարևոր է, թող եկեղեցին նույնպես նպատակաուղղված աշխատանք տանի, որի արդյունքները հաստատ սպասեցնել չեն տա: Մենք այնքան քիչ տոներ ունենք նշելու, որ ուրիշներինն ենք հաճույքով նշում:

Արման Հայրապետյան

Հայաստանում Հելոուինը նշելուն բացասական եմ վերաբերվում, ոչ թե նրա համար, որ օտարածին «տոն» է, այլ որովհետև սատանայական ու զզվելի տարրեր ունի իր մեջ: Ես սիրում եմ դիմակահանդեսներ, երբ մարդիկ տարբեր կերպարների են վերածվում, բայց ինձ համար անընդունելի է քաղաքի կենտրոնով շրջող գլխի մեջ կամ մեջքին կացին կամ դանակ խրած կերպարը, որքան էլ որ պարզ լինի, որ դա իրական չի, ամեն դեպքում տեսարանը զզվելի է, մանավանդ շատերը ջանք չեն խնայում հնարավորինս իրականին նման անելու համար: Ես կողմ եմ, որ շատ տոներ լինեն, մարդկանց հոգսերից ազատվելու համար տոն է պետք, որ ուրախանան, ցրվեն, բայց ոչ Հելոուինի նման տոն:

Միքայել Յալանուզյան

Համոզված եմ, որ Հայաստանում Հելոուին նշելն ընդամենը մոդային տուրք տալու դրսևորում է։ Այն ոչ մի առնչություն չունի մեր իրականության ու մեր մենթալիտետի հետ։ Այստեղ նույնիսկ ազգային արժեքները հարգելու-չհարգելու խնդիր չէ, այլ անհասկանալի, բոլորովին անիմաստ տոն նշելու ցանկություն է։ Սա է խնդիրը։ Ուզում եմ հատկապես շեշտել, որ ամեն տարի լրատվամիջոցներում ու սոցցանցում Հելոուին նշել-չնշելու քննարկումը միայն նպաստում է այդ ախմախ տոնի արմատավորմանը։ Եվ բոլոր լրատվամիջոցներին առաջարկում եմ ընդհանրապես չանդրադառնալ դրան։

Կարեն Դավթյան

Ճիշտն ասած, Հելոուինի  մասին շատ ինֆո չունեմ, հիշում եմ դպրոցական դասագրքերից, որտեղ ասվում էր, որ դա, եթե չեմ սխալվում, բրիտանական տոն է, երբ հարություն են առնում հանգուցյալներն ու տոնում..
Քանի որ նման ֆանտաստիկ ու սարսափ ժանրի սիրահար չեմ, շատ ուշադրություն չեմ դարձրել: Իսկ ինչ վերաբերում է վերաբերմունքիս, ապա կարծում եմ, որ ավելի լավ է մեր հայկական ու ազգային տոները վերհիշենք ու հաստատուն մնանք մեր արմատներին՝ չխեղաթյուրելով մեր ազգայինն արտասահմանյանով:
Ինչ վերաբերում է ջահելության ակտիվ արձագանքներին, կարծում եմ, սա այն հազվադեպ տոներից է, որտեղ կարող են մեր կարծրատիպերից հավեսով դուրս գալ ու, այսպես ասած, «haveing FUN» անեն պո պոյնոյ :)

Նելլի Ավետիսյան

Հելոուին նշելը պարզապես հաճելի ժամանց է: Կարծում եմ՝ անտեսելով տոնի բոլոր տիպի մեկնաբանությունները, արժի այդ օրը զվարճանալ, ի վերջո դդմի միջից հոգիներ դուրս չեն գալու:


Միապաղաղ կյանքի մեկ օրն էլ այդպես անցկացնելու մեջ ոչ մի վատ բան չկա:

Ես չեմ մասնակցի՝ ժամանակ չկա :)

Կոնստանտին Տեր-Նակալյան

Ըստ էության, Հելոինին վերաբերվում եմ նույն կերպ, ինչպես ասենք Չինական Նոր տարուն, կամ Ացտեկների տոմարով նշվող ինչ-որ մեքսիկական տոնի, բայց Հայաստանում նշելուն վերաբերվում եմ ավելի շուտ վատ, քան լավ։ Նախ, մենք այդ մշակույթի կրողները չենք, որտեղ ընդունված է նշել տվյալ տոնը, երկրորդն էլ՝ Հայաստանում Հելոուինը տոն չէ, այլ ավելի շուտ բիզնես պրոյեկտ՝ կազմակերպիչների մասով, «ցկցկալու» ու «զարգացած» երևալու եղանակ՝ սպառողների մեծամասնության մասով և, ինչու չէ, նաև օտարամոլության հերթական քաղքենի դրսևորում։ Խոսքը բոլորի մասին չէ, բայց ճնշող մեծամասնությանը սա հանգիստ կարելի է վերագրել։

Օֆելի Մինասյան

Իմ շատ կարևոր կարծիքով՝ Հելոուինի նշել կամ չնշելն այդքան էլ լրջագույն խնդիր չէ, որին մենք պետք է անդրադառնանք: Մենք ազգովի, մեկ բուռ դարձած, պետք է մտածենք այլ՝ ոչ օտարածին խնդիրների մասին, ինչպիսիք են, օրինակ, հայու գենը... Կատակում եմ. իրականում, ոչ մի բանի մասին պետք չէ մտածել. պետք է վայելել օրը, ժամը, պահը (կառպե դիեմ, ընկերներ): Եվ հետո, եթե խորանանք, այն, ինչ որ անում ենք մենք ու կոչում Հելոուին, իրական Հելոուին ասվածը չէ: Մենք զուգվում ենք, զարդարվում և ուրախանում: Իսկ ինչո՞ւ չուրախանալ, եթե կարելի է ուրախանալ , հը՞…

Անգել Դայան

Ինչպես և անցած տարի, այս անգամ ևս մնում եմ այն կարծիքին, որ Հելոուինը տոն է, և լինի այդ տոնն ամերիկյան, թե այլ ազգին պատկանող, տոնը մնում է տոն: Եվ ինչու չնշել, եթե դա ուղղված է մարդկանց տրամադրությանը բարձրացնելուն:
Տոնի արմատների մեջ չխորանալու դեպքում կարելի է համարել, որ սա ուղղակի «վախենալու» կերպարներ ստեղծելու օր է և ոչ մի կերպ կապված չէ սատանային և չարքերին պաշտելու հետ:
Իսկ այ խորանալու դեպքում պետք է շատ այլ բաների մեջ էլ խորանանք, ինչը մենք չենք անում:
Այդպես մտածելով՝ մենք պետք է բացառենք մեր ֆիլմացանկից թրիլլեր ժանրի ֆիլմերը, որ «ջուր չլցնենք չարքի ջրաղացին»:
Մի քիչ թեթև ապրեք էլի: Կուզեք՝ նշեք, չեք ուզում՝ մի նշեք, բայց թույլ տվեք ամեն մեկն ինքը որոշի իր ժամանակն անցկացնելու տարբերակը:
Ի դեպ, այս տարի էլ եմ աշխատանքի, թե չէ կարելի էր սովորականից մի քիչ ավելի վախենալու դառնալ:

Շուշան

Երբեք չեմ տոնել Հելոուինը, միշտ անտարբեր եմ եղել դրա նկատմամբ և շարունակում եմ լինել, բայց կարծում եմ՝ ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ հայ երիտասարդները տոնում են այն: Ըստ իս՝ նրանց համար դա ժամանցի ևս մեկ ուրախ առիթ է, ոչինչ ավելին: Շատերին եթե հարցնես, նույնիսկ Հելոուին անունը ճիշտ արտասանել չեն կարող, բայց տոնում են: Պետք չէ ծանրացնել և ազգային հարց սարքել դրանից: Մյուս կողմից՝ մենք այնքան գեղեցիկ տոներ ունենք, պարզապես ամեն ինչ գալիս է պրոպագանդայից: Այն, ինչ պրոպագանդվում է, ինչի մասին խոսվում է, դա էլ երիտասարդության կողմից ընդունվում է: Օրինակ՝ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Սուրբ Սարգսի տոնն այնքան մասսայական կդառնա, որքան Վալենտինը: Ես վստահ եմ, որ եթե Հելոուինի այլընտրանքը լինի (իսկ այն կա) և լավ գովազդվի, չեմ կարծում, թե այս տոնը նշելու անհրաժեշտություն լինի:

Աշոտ Ավետիսյան

Առհասարակ դեմ եմ օտարամոլությանը, քանի որ գտնում եմ, որ մենք՝ որպես ազգ և հասարակություն, ունենք մեծ թվով տոներ և տոնական առիթներ, որոնք կամ չեն տոնվում, կամ էլ մոռացության են մատնվել...

Եվ վերջապես, չպետք է մոռանալ մի շատ կարևոր հանգամանք, այն, որ յուրաքանչյուր ազգ ու հասարակություն առաջնորդվում է սեփական հոգեկերտվածքով ու մշակույթով պայմանավորված մոտեցումներով, արհեստածինը վանող է, մեղմ ասած...

Պատրաստեց Անի Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել