Galatv.am-ը գրում է.
«ՆԱՏՕ-ում քննարկում են Ռուսաստանին սահմանակից անդամ-երկրներում դաշինքի զորքերի թվի ավելացման հարցը: Դա արվում է ռուսաստանյան հնարավոր ագրեսիայի կանխարգելման նոր միջոցառումների շրջանակում»,- գրում է Ջուլիան Բարնսը The Wall Street Journal-ում:
Դաշինքում մտադիր են 800-1000 հոգանոց վաշտեր ուղարկել Լեհաստան եւ Բալթյան 3 երկրներ: Այդ նախաձեռնությանն աջակցում են ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները, բացի Գերմանիայից, որը հայտարարել է, թե «չի ցանկանում Մոսկվային վերածել պերմանենտ թշնամու եւ փակել Եվրոպայի դռները նրա առջեւ:
Դաշնակիցներն առաջարկում են Ռուսաստանին զսպող զուգահեռ այլ միջոցառումներ ձեռնարկել. հաճախակի կազմակերպել զորավարժություններ՝ ինչպես այժմ անցկացվում են Իսպանիայում եւ Պորտուգալիայում:
«Մենք պետք է ունենանք պաշտպանական երկարաժամկետ ռազմավարություն»,-հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:
ԱՄՆ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Արեւելյան Եվրոպայում գտնվող իրենց զինվորականներին ՆԱՏՕ-ի ուղղակի հրամանատարության ներքո ծառայելու հնարավորություն տալ, նաեւ հավելյալ զորամիավորումներ ուղարկել Եվրոպա:
Վաշինգտոնում համոզված են, որ Մոսկվայի կողմից զորավարժությունների ակտիվացման հետ կապված ՆԱՏՕ-ի ներկայության աճը կարող է ցույց տալ Պուտինին, որ դաշինքն ամուր է, իսկ Վաշինգտոնը, ինչպես միշտ, հավատարիմ է նրան:
ՆԱՏՕ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Գրուշկոն մեղադրել է դաշինքին եւ սահմանի մոտ զորքերի թվաքանակի ավելացման նախաձեռնությունն անվանել է սադրանք, ինչը, ըստ նրա, Եվրոպայում նոր «երկաթե վարագույրի» ստեղծման նախադրյալ է:
«Միեւնույն ժամանակ, Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի եւ Լատվիայի իշխանությունները խնդրում են ՆԱՏՕ-ին ավելացնել ռազմական ներկայության աճը ռուսաստանյան ագրեսիան կանխելու նպատակով»,-գրում է հոդվածագիրը: