Newmag.am-ը գրում է.
Քրդական բանակի նախկին հրամանատար Նաջաթ Ալի Սալեհին հոկտեմբերի 8-ի երեկոյան կանչել էին Իրաքի հյուսիսային շրջանները գրաված քրդական ինքնավար բնակավայրերի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպման: Պարտիզանական պայքարի մեծ փորձ ունեցող Բարզանին անհանգստացած էր. դրանից 24 ժամ առաջ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալներն ավերել էին քրդական տարածքները: Զինված գործողությունները սկսելով Իրաքի արևմտյան հատվածից ու գրավելով Մախմուր և Սինջար քաղաքները՝ նրանք կանգ էին առել մայրաքաղաք Էրբիլից 15 կմ հեռու գտնվող ավանում:
Քրդական բանակը տարածաշրջանում հայտնի էր իր վայրագությամբ, նրա զինյալներին անվանում էին փեշմերգա` մահապարտ. պարտությունը նրանց համար նվաստացում էր:
«Մենք լիովին անպատրաստ էինք դիմակայել նրան, ինչ պատահեց»,-ասաց ինձ Սալեհը:
Սադդամ Հուսեյնի դեմ պայքարող քրդական պատերազմի վետերան Սալեհը կրկին ծառայության էր կանչվել: Նրան հանձնարարված էր հետ վերցնել Մախմուր քաղաքը ու հետ մղել ԻԼԻՊ-ի զինյալներին: Աշխատելով շատ արագ՝ Սալեհը հավաքեց մի քանի հազար զինվորներին ու կարողացավ մեկ օր անց հետ վերցնել գրավված քաղաքը, իսկ հաջորդ մի քանի օրերի ընթացքում վերցրեց ևս 2 տասնյակ գյուղեր և քաղաքներ` գերի չվերցնելով ոչ մի զինյալի. միայն մահ:
ԻԼԻՊ-ի և քրդական բանակի բախումների ճակատը 1000 կմ երկարությամբ ձգվում է Իրաքի հյուսիսարևելյան հատվածում` հատելով Քուրդիստանի տարածքը, որի անկախության համար են քրդերը պատերազմում: Ամբողջ Մերձավոր Արևելքում ապրում է ավելի քան 300 միլիոն մարդ, որոնց մեջ քրդերը աշխարհի ամենամեծ էթնիկ խումբն են` առանց սեփական պետության: Իրաքյան Քուրդիստանում ապրում է այդ 300 միլիոնի մեկ քառորդը: Այն փակ տարածք է Թուրքիայի, Իրանի և Իրաքի արանքում: Բաղդադի կառավարության համար անընդունելի է քրդերի անկախացումը:
ԻԼԻՊ-ի առաջխաղացումը քրդերի համար ռիսկային է, բայց նաև նոր հնարավորություններ է ընձեռում նրանց: ԻԼԻՊ-ի բանակը, դուրս գալով Սիրիական անապատից, հունիսին մոտեցավ Իրաքի երկրորդ քաղաքին` Մոսուլին: Իսլամիստական ուժերն իրենց վերահսկողությունը հաստատեցին այստեղ, իսկ իրաքյան բանակը փախուստի դիմեց` տարածաշրջանը թողնելով բախտի քմահաճույքին: Քրդերը, օգտվելով ստեղծված քաոսից, զավթեցին մեծ տարածքներ, որոնք պատկանում էին և´ Քուրդիստանին, և´ Իրաքի կառավարությանը:
Քաղաքական կլիման` ձեռք բերված նոր տարածքներով, անկախության համար խոստումնալից էր թվում: Տարածաշրջանը նաև նոր տնտեսական հզորություն էր ձեռք բերում վերջին տասնամյակում հայտնաբերված նավթի հսկայական պաշարներով: Բարզանին քրդական խորհրդարանին հուլիսին խնդրել էր պատրաստվել ինքնորոշման քվեարկության: «Եկել է ժամանակը, որ ինքներս որոշենք մեր ճակատագիրը, և պետք չէ սպասել, որ ուրիշները դա անեն մեր փոխարեն»,-ասել է Բարզանին:
2003 թվականից, երբ ԱՄՆ-ն, ավերելով Իրաք պետությունը, սկսեց միլիարդավոր դոլարներ ծախսել նորը կառուցելու համար, քրդերը նրանց նվիրյալ դաշնակիցներն էին: Երբ ամերիկյան ուժերը 2011 թվականին հեռանում էին Իրաքից, քրդական տարածքում ամերիկացի որևէ զինվոր չզոհվեց: Երբ Իրաքի մեծ մասը կործանման եզրին էր, միայն քրդական շրջանակները հասկացան ԱՄՆ նախագահ Բուշի երազանքը, հասկացան, թե նա ինչու էր հրամայել գրոհել Իրաքը` մեծ մասամբ ժողովրդավարական և աշխարհիկ, տնտեսապես բարեկեցիկ երկիրը: Նախագահ Օբաման «Times»-ին տված հարցազրույցում նշել էր, որ քրդական կառավարությունը «գործում է այնպես, ինչպես մենք կցանկանայինք տեսնել այն»:
Քրդական բանակը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ օդային և ցամաքային ուժերից: Նախագահ Օբաման օգոստոսին կարգադրել էր քուրդ զինյալներին զենք մատակարարել գաղտնի: Օգոստոսի վերջին քրդական ուժերն արդեն հետ էին գրավել ԻԼԻՊ-ին ենթարկված տարածքների մեծ մասը:
Օբաման հանրությանը դիմելիս շատ զգուշավոր էր, բայց ակնհայտ էր, որ նրա վարչակազմը քրդերից ակնկալում է երկու կարևոր և անհամատեղելի գործողություն: Առաջին՝ լինելով այս քարոզարշավում կարևոր դաշնակից` ոչնչացնել ԻԼԻՊ-ը` իր ռազմական ֆինանսավորմամբ և սարքավորումներով: Երկրորդ՝ դիմակայել առանձնացող իրաքյան պետությանը: Վաշինգտոնը հստակ ընկալում է, որ եթե տարիներով անկախության ձգտող Քուրդիստան պետությունը դառնա իրական, ապա Իրաքում ազգակերտման ամերիկյան 20-ամյա նախագիծը հօդս կցնդի: Քուրդ առաջնորդներն էլ քաջ գիտակցում են, որ ԻԼԻՊ-ի առաջխաղացումն ու Սիրիայում տարիներ ձգվող անկայունությունը տարածաշրջանը տանում են դեպի անհայտություն:
***
Նոսրին Աբդուլ Քադերը 1988 թվականի մարտի 16-ին իր ընտանիքի հետ քրդական Հալաբջա քաղաքում էր, երբ լսեց պայթյունների ձայնը: Սկզբում Սադդամ Հուսեյնի կառավարումը, ապա Իրանի դեմ պատերազմը միավորել էին քրդերին: Նրանք միավորվել էին իրենց արտաքին թշնամիների դեմ:
«Այդ օրն օդանավերը սովորականից ցածր էին թռչում, և ես նույնիսկ կարողանում էի տեսնել օդաչուներին, որոնք լուսանկարում էին մեր քաղաքը: Մենք ընտանիքով շտապեցինք նկուղ` սպասելով ռմբակոծության ավարտին»,-պատմում է աղջիկը:
Մի քանի րոպե անց Քադերը նկատեց, որ իր ընտանիքի անդամների աչքերը խիստ կարմրած են, ինչին հետևեց նկուղ լցվող տհաճ հոտը: Ռմբակոծության ավարտից հետո դուրս գալով փողոց՝ նա նկատեց այլայլված մարդկանց, որոնց քթից արյուն էր հոսում: Նրանք թունավորվել էին, իսկ ընտանի կենդանիները սատկած էին:
Քադերին շրջապատող մարդիկ անկենդան հայացքներ ունեին. աղջիկը սկսեց վազել անորոշ ուղղությամբ և հայտնվեց անհայտ վայրում անծանոթ մարդկանց հետ: Քաղաքից դուրս օդն առավել մաքուր էր և շնչելու համար պիտանի: Անծանոթների խմբի հետ շարունակելով ճանապարհը՝ Քադերը տեսնում էր մարդկանց ու կենդանիների անշնչացած մարմիններ, հանդիպում էր ցնորված մարդկանց, որոնք չէին գիտակցում, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Թունավորումն իր հետևանքն էր թողել նաև 16-ամյա Քադերի վրա: Նա աստիճանաբար կորցնում էր տեսողությունը, մարում էր նաև հիշողությունը: Մի քանի օր անց Քադերն արթնացավ իրանական հիվանդանոցում: Աղջիկը կուրացել էր, բժիշկները չէին կարողանում կանգնեցնել ներքին օրգանների արյունահոսությունը: 20 օր անց աղջկա վիճակը կայունացավ, և միայն այդ ժամանակ նա գիտակցեց, որ իրենց քրդական փոքրիկ քաղաքը ենթարկվել էր քիմիական հարձակման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




