Բնությունը մի յուրօրինակ երգիչ է:
Ունի իր ուրույն ձայնը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել ու լսել:
Բնությունը ցանկացած դիպվածի համար առանձին, համապատասխան երգ ունի:
Նա միշտ է երգում:
Հարկավոր է կանգ առնել մի պահ ու … լսել:
* * *
Գյուղը, որ ծվարած է երեք բլուրների արանքում, վաղ է արթնանում ու վաղ էլ քնում:
Գյուղում մնացել են միայն ծեր մարդիկ:
Հիմնականում ամռանն է, որ գյուղը փոքր-քիչ աշխուժանում է քաղաքից արձակուրդ եկած ուսանող-ուսանողուհիների ներկայությունից:
Բլուրներից մեկի վրա մի կիսաքանդ մատուռ կա: Հենց այդ մատուռի մոտ էլ հավաքվում են քաղաքից ժամանած զբոսաշրջիկներ, մոտակա գյուղերի բնակիչներ:
Մատուռի մոտ մի ծառ կա: Առանց տերևի է:
Չորացած չէ, այդպիսին է: Ոչ ոք չգիտե, թե ինչ ծառ է:
Բոլորն անվանում են Երազանքների ծառ:
Ծառի վրա կախված են բազմաթիվ, տարբեր գույնի ու ձևի, տձև կտորներ, թաշկինակներ, ժապավեններ, ծամակալներ, …
Ըստ ավանդության` ով` ինչ նպատակ ունի, ծառից կախում է մի որևէ անձնական իր, և անպայման կատարվում է երազանքը:
Ամռան տաք գիշերներին տարեցները հաճախ են հավաքվում զրույցի ու վերջում անպայման խոսում են ծառի մասին:
- Վաղոյի աղջկան հիշո՞ւմ եք: Համալսարան ընդունվեց, երբ ծառից կախեց…
- Հա՜, Արիստակի տղան էլ, ինչ վերջին անգամ եկավ գյուղ, մոտեցավ ծառին, գործերը շտկվեցին, տաքսի սերվիզ ունի քաղաքում...
- Ասանեթի աղջիկը…
- Թամարի թոռը, որ չէր բուժվում…
- Աթանեսի ախպոր ոտները, որ չէին շարժվում…
Վերջում անպայման հիշում էին Ազգուշի օղորմածիկ ամուսնուն`Շոռաչք Աշոտին, որ մինչև յոթանասուն տարեկան դեռ նայում էր գյուղի բոլոր հարսների ու կանանց հետևից:
Ախորժակով ժպտում էր ու բեղերը սղալելով` մի երկար «Ուխա՜յ» էր ասում` գլուխը տմտմբացնելով:
Քանի՜-քանի՜ անգամ էին բռնացրել նրան սրա-նրա կնոջ հետ, մատուռի մոտերքում:
Քանի՜-քանի՜ անգամ էին քիթումռութը ջարդել: Բայց, դե, ինչպես գյուղացիք էին ասում` «Կարմիր կովը կաշին փոխողը չէ»:
Հենց խոսքը հասնում էր ամուսնուն, Ազգուշը վեր էր կենում քարից ու լուռ հեռանում:
* * *
Հիշում էր, թե քանի անգամ էր իրեն տատը խորհուրդ տվել.
- Ախչի´, դրան միայն Սուրբ ծառը կփրկի: Մի փոքր ճյուղ խաշի´, ջուրը տո´ւր, թո´ղ չայի հետ խմի…
Վախենում էր: Բայց մի անգամ էլ չդիմացավ ու Երազների ծառից ճյուղի մի փոքր կտոր կրծքերի մեջ պահած` բերեց տուն:
Իրեն թվաց, թե բոլորից գաղտնի ճյուղը գցեց ամուսնու տաք թանապուրի մեջ, բայց թոռը՝ Եվան տեսավ:
- Տա´տ, այդ ի՞նչ էր: Տա´տ ջան, դեղաբո՞ւյս:
- Հա´, քե´զ մատաղ, պապին մի քիչ տաքություն ունի:
Շոռաչք Աշոտը երկու օր պառկած մնաց անկողնում: Տաքությունը չէր իջնում:
Ազգուշը, որ սարսափելի վախեցել էր, երկու օր չկարողացավ քնել: Չհեռացավ ամուսնու անկողնու մոտից: Անընդհատ խաչակնքում էր. «Մեղա՜ քեզ, Տե´ր Աստված, մեղա՜»…
Երրորդ օրը ամուսինն արթնացավ ու հագնվելով` իջավ գյուղամեջ:
Քայլում էր գլուխը կախ, կարծես այն Աշոտը չէր:
Նույնիսկ աղբյուրի մոտ կռացած հարսների կողմն էլ չնայեց այդ օրը ու շտապ վերադարձավ տուն:
Բռնեց Ազգուշի ձեռքից ու հետևից քարշ տվեց գոմ:
- Ա´յ մարդ, հո խայտառա՞կ չես, օրը ցերեկով: Թո´ւ քո մա´րդ ասողի…Թոռների´ցդ ամաչիր…
Բայց, դե, Աշոտը լսո՞ղն էր որ…
Շատ տանջվեց, բայց ոչինչ չստացվեց: Կարծես մի աներևութ ձեռք կտրել էր ամեն ինչ:
Հետո Ազգուշն ինքը գիշերը փորձ արեց` մտքում կրկնելով. «Մեղա՜ քեզ, Տե´ր Աստված, մեղա՜» , ձեռքը վերմակի տակ զգույշ մեկնեց ու բռնեց ամուսնու…
Հասկացավ, որ անիմաստ է շարունակել: Աշոտն էլ գլուխը թեքեց:
- Ա´յ կնիկ, իմ հետ սենց բան չէր եղել: Էս ի՞նչ պատահեց,- ձայնը լացակումած էր, կարծես երեխա լիներ:
- Դե, վախտն ա, Աշո´տ ջան, յոթանասուն ես, էլ ի՞նչ ես ուզում:
- Չէ´, մի հին փոխան կտաս: Վաղը գիշերը տանեմ, ծառիցը կախ տամ: Երևի կօգնի…
- Ի՜, հողե´մ շոռաչք գլուխդ:
* * *
Հաջորդ օրը Ազգուշը` Եվայի ձեռքը բռնած, գնաց գյուղի ծայրում ապրող տատի տուն: Ու,երբ ամեն ինչ պատմում էր, հինգ տարեկան Եվան ուշադիր լսում էր:
- Ամա՜ն, ախչի՜,- բերանը ձեռքով փակեց տատը,- ըռխո´ւմդ կպահես, ո´չ մեկին` ո´չ մի խոսք, լսո՞ւմ ես: է´ս քորփին խի՞ ես բերել հետդ:
- Բան չի´ հասկանա, արխայի´ն, - պատուհանից նայեց մատուռի կողմը` ծառին:
«Մեռնե´մ զորությանդ»,- խաչակնքեց ու Եվայի հետ դուրս եկավ տանից:
* * *
Աշխատանքը մոտենում էր ավարտին, բայց Եվան չէր շտապում:
Արդեն քառասուն տարեկան էր, բայց դեռ ընտանիք չուներ, սպասող չկար տանը:
Տղամարդիկ եղել են կյանքում, բայց ընտանիք այդպես էլ չունի:
Կյանքում թրծված կնոջ կերպարով խուսափում էր լուրջ հարաբերություններից:
«Ես ոչ մեկին պետք չեմ, ինձ սպասող չկա»,- փակեց դուռն ու դուրս եկավ:
Աստիճանների վրա երկարաոտ քարտուղարուհի Անին էր կանգնած:
- Տիկի´ն Եվա, տո՞ւն, թե՞ էլի խանութներով:
- Տո´ւն, - արհամարական պատասխանեց` ոտքից գլուխ նայելով երիտասարդ, բայց դատարկ գեղեցկությանը:
Մի մեքնա մոտեցավ ու կանգնեց.
- Տիկի´ն Եվա, նստե´ք: Անի´, արի´ քեզ էլ կտանենք:
* * *
Հովիկը նոր աշխատակից էր, բայց կարողացավ արագ համակերպվել կոլեկտիվի հետ:
Շատ հեշտ լեզու գտավ հատկապես կանանց հետ:
Դե, ինչպես հայտնի է` կինը կարող է ամեն ինչ անել:
Շատ շուտով բոլոր կանայք` սկսած հավաքարար Նորայից, սկսեցին ընդունել նրան հարազատի նման: Հյուրասիրում էին սուրճ, թեյ, կիսում էին նրա հետ իրենց ամենանվիրական խոհերը…
Եվան իր` տարիքն առած տեղակալի հետ խորհրդակցելուց հետո, նրան նշանակել էր բաժնի պետ` շարժելով այդ տեղին հավակնող շատերի նախանձը:
Մի օր էլ սովորականի նման, երբ մտավ աշխատասենյակ, սեղանին տեսավ դաշտի ծաղիկների մի հրաշալի փունջ:
Աշխատասեյակում հաճելի բուրմունք էր տարածվել:
«Անի´ն գիտեր, որ ես մանկուց սիրում եմ դաշտի ծաղիկներ, դեռ գյուղից է մնացել»:
- Շնորհակա´լ եմ, Անի´: Քիչ հետո սուրճ կտաս,- միացրեց բարձրախոսը:
- Ե´ս չեմ բերել,- ներս մտավ Անին,- Հովիկն է բերել:
Զգույշ շոյեց ծաղիկները:
Հաճելի էր նվերը: Բայց ինքը տնօրեն է և թույլ չի տա…
Շատ անգամ էր զգացել իրեն նայող Հովիկի հայացքը` միջանցքում, դահլիճում, խորհրդակցության ժամանակ:
Բաբասանքներ չէր սիրում, առիթ տալ` նույնպես:
- Կանչի´ր ինձ մոտ Հովիկին:
<Մի այս դեղնակտուցի´ն նայիր: Փորձում է սիրահետել: Ես քեզ ծառայողական սիրավեպ ցույց կտամ: Ա´չքդ կխոթեմ քո և իմ` տասնհիգ տարիների տարբերությունը: Մի սրա համարձակությա´նը նայիր>:
- Կանչե՞լ եք, տիկի´ն Եվա:
- Նստի´ր, լսի´ր, քեզ ո՞վ է թույլ տվել…
- Ես իրավունք ունեմ ինձ դուր եկած կնոջը ծաղիկներ նվիրել:
- Կարող ես Անիին նվիրել, բայց ես քո տնօրենն եմ…
- Դու կին ես, գեղեցիկ, հաճելի: Ինչո՞ւ պետք է ես զսպեմ…
- Սա աշխատավայր է, հասկացի´ր: Ինձ էլ է հաճելի, բայց…
- Ուրեմն հանդիպենք աշխատանքից դուրս:
- Գնա´, աշխատի´ր:
Այդպես սկսվել էր սիրավեպը, որին լուրջ չէր վերաբերվում:
Գիտեր, որ վաղ, թե ուշ ամեն ինչ վերջանալու է անցյալ անգամների նման:
Նույնիսկ մի օր կատակով, բայց լուրջ զգուշացրել էր Հովիկին. «Կինը ներող է: Բայց ամեն ինչ չէ, որ կարող է ներել: Զգուշացի´ր»:
Հովիկը ծիծաղել էր:
Հենց այդ օրն էլ ամուսնության առաջարկություն էր արել Եվային:
Մտածելու ժամանակ չէր տվել: Ու Եվան սիրո թևերով թռչում էր`ուրախանալով, որ վերջապես իրո´ք ցանկալի, սիրելի ու պետք կլինի ինչ-որ մեկին` թեկուզ իրենից տարիքով փոքր:
«Ես էլ իրավունք ունեմ ապրելու, ինչպես ցանկանում եմ: Թո´ղ դատեն, ինչպես կարող են, բայց ես հավատում եմ նրան»:
* * *
- Սկզբում Անիին իջեցնենք, հետո` կգնանք: Ես ռեստորանում տեղ եմ պատվիրել:
Անիին իջեցնելուց հետո մեքենան սլացավ դեպի Հրազդանի կիրճ:
- Ի՞նչ ենք խմելու: Չնայած ես ղեկի եմ, բայց այսօր պետք է խմենք: Զագս-ին մնում է մեկ շաբաթ, ի՞նչ ես մտածում:
- Ես ուրախ եմ, երջանիկ, ի՞նչ պետք է մտածեմ: Ինձ «Մարտինի» պատվիրիր ու սուրճ, ուտել չեմ ցանկանում:
- Եվա´, լսի´ր, ինչո՞ւ չես լուծում քո այդ` հնություն-տեղակալի հարցը: Նրա դարն անցել է:
- Նա շուտով ինքն է գնալու` հիվանդության պատճառով: Թո´ղ հանգիստ գնա:
- Մի լա´վ, բանիմա´ց….
- Դո´ւ ես լինելու իմ տեղակալը, պարզ չէ՞:
- Ես քեզ պաշտում եմ, Եվա´…
* * *
… Հովիկն անընդհատ շարժվում էր քնի մեջ: Եվան չէր կարողանում քնել:
Վեր կացավ անկողնուց:
Գնաց խոհանոց, հանքային ջուր լցրեց բաժակի մեջ ու չգիտես ինչու` հանկարծ հիշեց, որ Անիին տուն տանելիս Հովիկը տան տեղը չհարցրեց:
Հետո մտածեց, որ հիմար բաներ են անցնում մտքով:
Չգիտես ինչու` հիշեց իր մանկությունը, գյուղը…..
* * *
Առավոտյան քնի մեջ լսեց Հովիկի ձայնը:
- Ուշանում ենք, վե´ր կաց: Ես արդեն սափրվել եմ, սուրճ եմ դրել:
- Դու գնա´: Ես այսօր չեմ գա: Ուզում եմ մի լավ թավալ տալ անկողնում:
Արթնացավ, նայեց ժամացույցին` տասներկուսն էր:
Հագնվեց, շպարվեց` փորձելով ծածկել` արդեն զգացնել տվող կնճիռները:
«Ի՞նչ է գտել իմ մեջ: Միայն, որ գեղեցի՞կ եմ, թե՞...»,- ու առանց սուրճ խմելու դուրս եկավ տանից:
Հիմնարկի դռան մոտ հանդիպեց գլխավոր հաշվապահին:
- Գնում եմ հարկային, տիկի´ն Եվա: Ձեր սեղանին աշխատավարձի ցուցակն է: Հովիկն ասաց` թո´ղ մնա սեղանին, ճշտելու բան կա:
- Հովի՞կը, Հովիկն ի՞նչ գործ ունի իմ աշխատասենյակում:
- Այո´, դե բոլորս գիտենք, որ….
Վազեց վերև: Աշխատասենյակ չհասած` ընդունարանից լսեց Հովիկի ձայնը:
Զգույշ կիսաբացեց սեփական աշխատասենյակի դուռը:
Անին նստած էր իր սեղանին: Հովիկը գրկել էր Անիի հետույքը, գլուխը թաղել մազերի մեջ:
- Այդ պառավն իմ ինչի՞ն է պետք: Երբ տեղակալ դառնամ, ամուսնանամ, բիզնեսը վերցնեմ իմ ձեռքը, այն ժամանակ ես ու դու կամուսնանանք: Մի քիչ համբերություն ու…. Գիտե՞ս ինչ զզվելով եմ սեր խաղում…
Եվան զգույշ հետ դարձավ:
Անցավ միջանցքով: Մոտեցավ իր տեղակալի սենյակին:
Մտավ ներս: Տեղակալը ոտքի կանգնեց, մոտեցավ, բռնեց թևը:
- Ձեզ ի՞նչ է պատահել, հիվա՞նդ եք:
- Սրիկա´, անասո´ւն,- վիրավորանքի ու ցավի արցունքները, որ գլորվում էին աչքերից, չէր զգում:
- Ես ի՞նչ եմ արել Ձեզ, տիկի´ն Եվա:
- Քե´զ չեմ ասում: Վարորդդ որտե՞ղ է: Պետք է հասնեմ մեր գյուղ:
- Մա՞րդ է մահացել, բարեկա՞մ:
- Այո´, մահացել է…
Տուն վերադառնալիս մեքենայի մեջ կրծոտում էր շրթունքները:
… «Նա չպետք է իմանա, որ ես գիտեմ: Իմ վրեժը միևնույն է` կլուծեմ:
Բայց վրեժը սառը խորտիկ է և պետք է մատուցել սառը վիճակում»:
* * *
Արդեն բավականին ուշ ժամ էր, որ Եվան մտավ բնակարան:
- Ո՞ւր էիր, Ե´վ, անհանգստանում եմ, չէ՞: Հեռախոսդ էլ անջատել ես:
- Մարտկոցը նստել էր: Հոգնած եմ:
- Քնի´ր, ոչի´նչ: Բայց մի տեսակ ես, հիվա՞նդ ես:
- Այո´, մի քիչ: Թեյ եմ ուզում, կխմե՞ս ինձ հետ:
- Ինչպես կասե´ս, Ե´վ ջան:
- Լավ, քանի ծխում ես, ես կսարքեմ ու կպառկեմ քնելու:
Խոհանոցում Եվայի ձեռքից եռացող թեյնիկի մեջ ընկան Երազանքի ծառի երկու փոքրիկ ճյուղ:
Թեյի երկու բաժակ ձեռքին` Եվան մտավ սենյակ:
Սեղանի մոտ Հովիկը նորից փորձեց խոսք բացել տեղակալի մասին:
- Հո´վ, թե´յդ խմիր, կսառչի, հետո կխոսենք: Ես քնել եմ ուզում:
- Ի՜նչ համով թեյ է: Դե, քո ամեն ինչն է համով, Ե´վ ջան: Գիտես, չէ՞ ես քեզ պաշտում եմ:
- Մի բան խնդրեմ: Այս երկու օրը պառկե´մ: Դու մի´ արի տուն, լա՞վ, երևի վիրուս է:
Ես քեզ կկանչեմ, չե՞ս նեղանում:
- Չէ´, ի՞նչ ես ասում: Հասկանում եմ քեզ: Թեյս վերջացնեմ, գնամ: Դու ինչո՞ւ չես խմում:
Ու որքան Եվան հասկացավ` Հովիկը մեծ ուրախությամբ հեռացավ:
* * *
Անցել էր երկու օր, երբ Հովիկը երեկոյան եկավ տուն:
Անտրամադիր էր:
Եվան փաթաթվեց նրա պարանոցին.
- Կարոտել եմ քեզ, սիրելի´ս, իսկ դո՞ւ կարոտել ես:
- Իհարկե´, Եվա´ ջան: Մի տեսակ եմ, չեմ հասկանում ինչ է կատարվում:
- Դե լա´վ, հիմա ես քեզ կբուժեմ:
Եվան հանեց խալաթը: Մնալով մերկ` բռնեց Հովիկի ձեռքն ու քաշեց դեպի ննջարան…
…- Պատահում է, Հո´վ ջան, մի´ նեղսրտիր, հոգնածությունից է:
- Ինձ չի պատահում, հասկանո՞ւմ ես, չի´ պա-տա-հում…
- Հանգստացի´ր, սիրելի´ս, կստացվի: Ես վստահ եմ:
Հաջորդ օրը նույն պատմությունն էր…
Երկու օր անց Եվան նկատեց Անիի փնտրող ու տխուր աչքերը:
Զգաց, որ նա էլ է խուսափում Հովիկից, տեսնելիս էլ` գլուխը կախում է:
«Ժամանակն է»:
- Անի´, Հովիկին կանչի´ր:
- Արի´, Հովի´կ, նստի´ր: Լուրջ խոսելու բան կա:
- Վերջապես լուծվելու է….
- Ժամանակն է, որ մենք հրաժեշտ տանք իրար: Դու ԱՅԴՊԻՍԻՆ ինձ պետք չես: Ցանկանում էիր Անիի հե՞տ ամուսնանալ, խնդրեմ: Բայց կհեռանաս իմ օֆիսից: Վարորդը իրերդ կբերի քո տուն: Հաջողությո´ւն….
Հովիկը ատելությամբ լի աչքերով նայում էր Եվային:
Կամքից անկախ մատները դարձան բռունցքներ, ատամներով սկսեց կրճտացնել: Ցանկանում էր խփել, ոչնչացնել դիմացինին, բայց շատ թույլ էր դրա համար… ու հասկանում էր դա:
Խաբել, գրավել, սրտեր նվաճել նա կարող էր:
Կարող էր նույնիսկ սպանել, եթե վստահ լիներ, որ անպատիժ կմնա, բայց այսպես նա չէր կարող ոչինչ…
* * *
Բնությունը` ինչպես կինը, մի յուրօրինակ գաղտնարան է:
Ունի իր ուրույն տեղը: Հարկավոր է ուղղակի կանգնել ու զգալ նրա շունչը:
Բնությունը` ինչպես կինը, ամեն ինչ կարող է` ցանկացած իրավիճակի դեպքում`համապատասխանաբար:
Բնությունը միշտ ներդաշնակ է հոգուն:
Երբ հավասարակշռությունը խախտվում է, բնությունը պատժում է:
Ի՞նչ օրենքներով ապրել, ի՞նչ պատվիրաններով, ի՞նչ ճանապարհ ընտրել…
Ամեն ինչ շատ պարզ է: Ուղղակի ապրի´ր` զգուշանալով խախտել բնության համանվագի ներդաշնակությունը:
Միևնույն է` դու չես էլ կարող:
Լսում ես բնության ձայնը, բացի´ր սիրտդ, գնա´ ընդառաջ…
Բնությունը` ինչպես կինը, կարո´ղ է ներել , բայց ոչ ամեն ինչ:
Հարկավոր է կանգ առնել մի պահ ու… լսել, քայլել համահունչ….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել