Tert.am-ը գրում է.

16 տարի առաջ այս օրը, 6 ահաբեկիչներ՝ Նաիրի և Կարեն Հունանյանների գլխավորությամբ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի բարձրաստիճան ղեկավարներին՝ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

«Հոկտեմբերի 27»-ի՝ մոտ երկու տարի տևած դատավարությունը (2001-2003 թթ.), ըստ զոհերի հարազատների, որևէ կերպ չպատասխանեց հիմնական հարցին՝ ովքե՞ր էին «27»-ի կազմակերպիչները:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ այդ օրը ինքը եղել է դահլիճում՝ նստած Վազգեն Սարգսյանի կողքին և պատահականությամբ է կենդանի մնացել: Նա ակնհայտ համարեց, որ  դավադրության հեղինակները շատ ճիշտ հաշվարկ էին կատարել: 

«Թեև կար կառավարություն, Ազգային ժողով, իշխանություն, սակայն կարծեք թե պետություն չկար, այսինքն՝ ժողովուրդը շփոթմունքի մեջ էր, և փաստորեն ամբողջ հաշվարկը կայանում էր նրանում, որ դավադրորեն սպանելով մի քանի ականավոր գործիչների՝ կարելի էր կոտրել երկարաժամկետ հատվածում երկրի, պետության ողնաշարը»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան, քաղաքական պատասխանատուներին հաջողվեց քաղաքական փոխզիջումների ճանապարհով, դժվարությամբ, պետական կառավարման համակարգը աստիճանաբար ոտքի կանգնեցնել և խուսափել կործանարար հետևանքներից:

Ըստ նրա՝այդ կազմակերպիչները Հայաստանում չէին, այլ Հայաստանից դուրս: Խոսրով Հարությունյանը գտնում է, որ այդ ժամանակ պետական կառավարման համակարգը կառուցված էր այնպես, որ ամբողջ պետությունը հենված էր մեկ-երկու անհատի վրա, և դրանից էր բխում նաև 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: 

«Սահմանադրական բարեփոխումների ամենամեծ առավելությունը կայանում էր նրանում, որ ըստ էության պետական կառավարման համակարգում մեկ անհատի բացառիկ դերակատարումը վերացվեց, և դրանով նպաստավոր պայմաններ ստեղծվեցին անվտանգության համակարգի համար»,-ասաց նա և նշեց, որ շնորհիվ դրա՝ Հայաստանը, ըստ էության, առանձնանում է թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ քաղաքականության մեջ իր շատ ինքնուրույն և կայուն անվտանգության համակարգերով:

Ամեն դեպքում նախկին վարչապետը գտնում է, որ այսօր նկատվում է այդ մեծ հայրենասերի, այդ քաղաքացու, իր հողի նվիրյալի, տաղանդավոր ղեկավարի՝ Վազգեն Սարգսյանի պակասը և համոզված է, որ Հայաստանը Վազգեն Սարգսյանով ավելի լավը կարող էր լինել:

Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման քաղաքական կամքին, Խոսրով Հարությունյանը նշեց. «Հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված բոլոր հարցադրումները ընդամենը քաղաքական շահարկումներ են. դա նշանակում է փորձել «Հոկտեմբերի 27-ի» պատասխանատուներին փնտրել ներսում: Ես խորապես համոզված եմ, որ այդ կազմակերպիչները, պատվիրատուները անհատներ չեն, այլ քաղաքական ուժեր են, որոնց նպատակը Հայաստանը ծնկի բերելն էր»։ 

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը գտնում է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործն ամբողջությամբ բացահայտված չէ, և միայն կատարողներն են դատապարտված: «Շատ մութ բաներ կան այդտեղ,  շատ հարցեր կան չպարզված, չբացահայտված, որոնք կարծում եմ, որ իրենց բացահայտմանը սպասում են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
 
Արտակ Զեյնալյանը կարծում է, թե քանի դեռ բացահայտված չէ ոճրագործությունը, արդարությունը վերականգնված չէ: «Իմ համոզմամբ՝ ոճրագործությունը քաղաքական միտումներ, նպատակներ էր հետապնդում, և ըստ էության, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ այդ նպատակները ոճրագործների՝ հիմնական կազմակերպիչների կողմից իրականացվել են»,- ասաց նա: 

«Այս ամենի դասը հետևյալն է, որ դրա լուծումը Հայաստանում օրինական և ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորումն է, որ չեզոքացվեն այդ ոճրագործության հետևանքները»,- ասաց նա և նշեց, որ իր կարծիքով գործի բացահայտման համար քաղաքական կամք չկա։

Ըստ նրա՝ միայն իշխանության փոփոխման դեպքում է հնարավոր գործը բացահայտել, և դա այն իշխանությունը կարող է անել, որը հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակների իշխանության հետ օրգանապես կապված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել