Իսլամական պետությունից տեղի ունեցող պատահական ինֆորմացիոն արտահոսքը կասկածի տակ է դնում հենց իրենց կողմից պրոպագանդվող արժեքները, որոնք խախտելու մեղադրանքով հազարավոր անմեղ մարդիկ են զոհվել:
Սոցիալական ցանցերում (ԻՊ-ականների թվիթերյան էջերում և այլ հարթակներում) և առհասարակ մեդիա տիրույթում հաճախակի պատահական կամ կիսամտածված հենց իրենց կողմից հայտնվում են կադրեր, նկարներ, տեսանյութեր, որոնք արված են իրենց առօրյայից: Ինչ խոսք, նայելով կարելի է ենթադրել, որ այս մարդկանց առօրյան, մեղմ ասած, չի սահմանափակվում «ալլահի հետ երկխոսությամբ», և այդքան էլ ծայրահեղ կրոնական ապրելակերպ չունեն, ինչպես կարծում էի:
Նախ նշեմ՝ չնայած նրան, որ սուննի ուղությունն արգելում է բարդելների գործունեությունը, Իսլամական պետությունում այսօր դրանց պակասը, կարելի է ասել, չկա: Այսօր էլ կրկին պատահական, մի սպանված ջիհադիսիտի հեռախոսից տարածվել էր տեսանյութ, որն արված էր ԻՊ զինվորականների համար աշխատող հասարակաց տներից մեկում:
Հրապարակված կադրերում էլ երևում է, որ հասարակաց տներում աշխատող կանայք բավականին ազատ են և անկաշկանդ: Հասարակաց տան կանանց՝ սեքս-ջիհադիստուհիների վրա չի տարածվում խիստ իսլամական դրես կոդը, որը պարտադիր պայման է ԻՊ մյուս կանանց համար: Միևնույն ժամանակ անառակության մեղադրանքով հազարավոր կանայք են խարազանվել, սպանվել և պատշգամբից վայր նետվել հասարակաց տան գաղափարը ֆետիշացնող ծայրահեղականների կողմից:
Հասկանում եք, ամբողջ հարցը նրանում է, որ այն, ինչ արվում է զինվորականների առօրյան գունավորելու համար, անկախ բարոյական նորմից, խրախուսվում է ԻՊ-ականների կողմից:
Բազմաթիվ դեպքեր եղել են, որ սոցկայքերի միջոցով ԻՊ-ականներն ագիտացրել և իրենց շարքերն են ներգրավել աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքացիներին: Չնայած նրան, որ ԻՊ-ականները մեծ տեղ են տալիս սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչական արշավներին, միևնույն է, նման ինֆորմացիոն կիքսերը կարող են վանել սոցիալական ցանցերում ագիտացիայի թակարդում կիսով չափ հայտնվածներին: