Սիրելի Ձմեռ պապ, երեխաներս քեզ նամակ գրելուց հետո հանձն առան ինձ համոզելու, որ ես էլ քեզ գրեմ ու նամակում նշեմ այն նվերը, որը կցանկանայի, որ դու ինձ բերես: Չուզեցի նրանց հիասթափեցնել, ուստի խնդրեմ, ընդունիր իմ ցանկությունը:
Ես ուզում եմ, որ Սուրբ Ծնունդն ու Ամանորն առանց քաղաքականության լինի, կամ էլ քաղաքական «զվարճալի» դեմքերին ուղարկել «Голубой огонек», ուզում եմ Ամանորին զվարճալի հաղորդում նայել:
Քաղաքականությունից ժողովուրդը կուշտ է, բայց արի ու տես, որ սոված է հացի, գործի, հանգստի, խաղաղության և այլն, նամանավանդ, որ քաղաքական ինտրիգները դուրս են «ժողովրդական» կոչմանը արժանանալուց: Հեռուստատեսային աղբ համարվող սերիալներն ու անհամ խեղկատակությունները ժողովրդին հասցրել են խելագարության գիրկն ու նույնիսկ՝ հումորային անճաշակություն զարգացրել նրանց մոտ: Պատկերացնո՞ւմ ես, յոթանասունին մոտ ծերունին բիսետկայում կատակում է ընկերոջ հետ ու նրան «գյալուբոկ» անվանում: Սոված փոր և վարդագույն թումբան, սրանք անհամատեղելի են, ու իրենց պարունակության պատճառով, նույնիսկ գունային, թունավորում են առաջացնում մարդու մոտ:
Մեր քաղաքական գործիչները ցնդել են, ընկել պառանոյայի գիրկը: Պատկերացնո՞ւմ ես, Փոստանջյանը հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանին ամենայն հայոց՝ Ջավախքի, Արցախի, Արևմտյան Հայաստանի և վերջապես Արևելյան Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Նույնիսկ Ծառուկյանն է ուզում առաջադրել իր թեկնածությունը: Հարգանքներս Պարույր Հայրիկյանին, բայց այս հիվանդության ախտանիշները նրա մոտ էլ են արտահայտվում, նա հայտարարում է, թե Սերժ Սարգսյանը խոստացել է հանել իր թեկնածությունն հօգուտ իրեն: Այն, որ Սերժը կարող է հրաժարվել իշխանությունից, անհավանական է: Ուրեմն, Հայրիկյանի մոտ մառազմ է սկսվում:
Ցավակցում եմ մեր ժողովրդին, բայց մյուս կողմից մխիթարվում, որ թեև նրանց խորհրդարանական ընտրյալները չեն լուծում երկրի խնդիրները, բայց գոնե զվարճացնում են: Մեր պատգամավորները պարզապես «ցխկվում են» մեկը մյուսից ու պառավ տատիկի նման բամբասում իրար: Իրոք որ, կարծես թե երկնագույն էկրանի՝ «Голубой огонек» կամ էլ «comedy club»-ից են մտել քաղաքականություն, ի նկատի ունեմ նրանց հումորն ու անպատկառ լեքսիկոնը:
Եթե անկեղծ, իսկապես կուզենայի, որ թե՛ մեր պատգամավորները և թե՛ նախագահի թեկնածուները մեկ ամսով մի կողմ դնեին գալիք նախագահական ընտրության քաղաքական կրքերը: Էն ջղային ու բարկացկոտ ձյաձյաները մանկան նման մեղմանային, թե չէ այն տպավորությունն է, որ դու նրանց երեխա ժամանակ նվերներ չես տվել (թերևս նրանք իրենց վատ են պահել) ու իրենց ողջ չարությունը հիմա թափում են ուրիշների վրա: Ես ցանկանում եմ՝ թող որ նախագահի թեկնածուներն ու մեր նախագահը՝ Ձմեռ պապի հագուստով, մորուքով՝ հեծած քաղաքական եղնիկներին (պատգամավորներին), նվերներ բաժանեն, դուրս գան փողոց, մրցակցեն իրար հետ, թե իրենցից ո՞վ լավ Ձմեռ պապ կլինի (թող իրենց կաշվի վրա զգան քո աշխատանքի ծանրությունը), պտտվեն կարիքավորների տներն ու մեկ ամսով մոռանան «փողկապային կյանքն» ու զվարճացնեն ժողովրդին, դե դրանից նրանց «чин»-ը չի ընկնի, բայց ընտիր նախընտրական PR դուրս կգա: Իսկ ես մյուս տարի կընտրեմ, թե նրանցից ով էր լավ Ձմեռ պապ ու նրան կտամ իմ վստահության քվեն, թող դառնա իմ նախագահը:
Գիտե՞ս, իսկ էն չարազ-մարազի թանկացման համար բան չեմ խնդրի, միևնույն է, էդ վաճառողների վրա դու էլ չես կարող:
Դու այսքանն արա ինձ համար, չեմ ուզում քեզ շատ ծանրաբեռնել, միևնույն է, մնացածի համար ուրիշները քեզ կխնդրեն: